Արևմուտքի նպատակն Ուկրաինայում Ռուսաստանին առավելագույնս թուլացնելն է

ԱՄՆ նախագահ Ջ. Բայդենն ուկրաինական պատերազմի վերաբերյալ ելույթում հնչեցրել է մի միտք, որը մեծ հաշվով բնութագրում է նաև Արևմուտքի և հատկապես ԱՄՆ-ի մոտեցումն այդ հարցում։

«Պուտինի պատերազմն Ուկրաինայի հետ կթուլացնի Ռուսաստանը և կուժեղացնի մնացած աշխարհը»… Ինչպես և կանխատեսվում էր՝ Վաշինգտոնը դաշնակիցների համախոհությանը հասնելով՝ գործելու է ոչ թե պատերազմն օր առաջ կանգնեցնելուն, Ուկրաինա պետությունն ու ուկրաինացի ժողովրդին ողբերգությունից փրկելուն միտված ջանքերի տրամաբանությամբ, այլ հակառակը՝ հաճախ անօգուտ ռազմական մատակարարումների շարունակման, Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցների սահմանման, խրախուսական հռետորաբանության միջոցով պատերազմն ավելի ձգելու՝ Ռուսաստանին հնարավորինս թուլացնելու ուղղությամբ։

Ի պատասխան, Ռուսաստանն էլ ոչինչ չխնայելով՝ ավելի է մխրճվելու այս պատերազմի մեջ՝ արյունաքամ լինելով և արյունաքամ անելով մի ամբողջ եղբայրական երկրի և ժողովրդի։ Առանց շոշափելի արդյունքների պատերազմը կանգնեցնելը կգրի պատերազմը սկսած ռուսական վարչակարգի մահերգի նախաբանը։

Ուկրաինայում էլ չկա պետականամետ լայնախոհ իշխանություն, որ գործի օր առաջ այս աղետը կանգնեցնելու տրամաբանությամբ։ Եթե լիներ նման իշխանություն, վստահաբար սեփական երկիրը նման արկածախնդրության ներքաշելուն առնվազն չէր նպաստի, չտանելու մասին չի էլ խոսվում։

Այդուհանդերձ, իրավիճակն օբյելկտիվ է, աշխարհի կարգն է այդպիսին՝ միշտ էլ քաղաքական շահերը, ներքին ու արտաքին հաշվարկները գերակայել են մարդասիրական սկզբունքների հանդեպ։ Բոլոր շահագրգիռ դերակատարները դարձել են իրենց սկզբունքների և հնչեցրած խոսքերի գերին։

Արդյունքում՝ բյուրավոր մարդիկ են մեռնում, փախստական դառնում, մի կարգին երկիր է «փուռը գնում», եղբայրական ժողովուրդներ են ոխերիմ թշնամիներ դառնում…

#օբյեկտիվ_իրականություն

#անփոփոխ_մարդկություն

Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից