Երկրի զարգացմանը խոչընդոտող մի շարք խնդիրներ կան․ ՀՀ նախագահի թեկնածուն թվարկեց դրանք

Մարտի 2-ին ԱԺ նիստում հանրապետության նախագահի միակ թեկնածու, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանն ասաց, որ կան մի քանի հիմնախնդիրներ, որոնք մինչ  օրս լուծված չեն և խանգարում են  երկրի զարգացմանը՝ տարածաշրջանային  համագործակցության սահմանափակումներ և դրա ընդլայնման անհրաժեշտություն,  իրականության հետ առնչվող համարձակություն և պատրաստակամություն, իրական իրավիճակները գնահատելու ունակություն,  սպասվող մարտահրավերներին  դիմակայելու հանձնառություն և  պատասխանատվություն, ապագային միտված ծրագրերի իրականացում, որոնք իրենց բնույթով և նշանակությամբ պետք է լինեն ոչ միայն պետական, նաև համազգային։
«Վերը  թվարկած հիմնախնդիրները կարելի է լուծել, երբ բոլորիս մոտ լինի գիտակցում, որ  միասին մենք կարող ենք բարգավաճել ընդհանուր լավատեսության և հույսի պայմաններում։ Միասնությունը  ուժի, պատվի և ընդհանուր բարիքի  ճանապարհն է»,- ասաց Վահագն Խաչատրյանը՝ ընդգծելով, որ առաջ շարժվելու, այս դժվարությունները հաղթահարելու այլընտրանք չունեն, միասնությունն ու միասնականությունը կարող են  դրա գրավականը լինել։