Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ ամփոփ. «Հենակետ»

«Հենակետ» վերլուծական կենտրոնը ամփոփել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ կարևոր իրադարձությունները

Բանակցային գործընթաց

  • Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ՌԴ-ի հետ բանակցություններում դեռևս չկա այն արդյունքը, որը հարկավոր է Կիևին։ Ռուսաստանը բարձրաձայնել է իր դիրքորոշումները, Ուկրաինան հակընդդեմ կետեր է առաջ քաշել։ Կիևը «որոշ ազդանշաններ» է ստացել»։
  • Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գովեստի խոսքեր է փոխանցել բանակցային գործընթացի մասնակիցներին՝ նշելով, որ բանակցողները արել են ավելի քան հնարավոր էր, նրանք 5 ժամվա ընթացքում փայլուն կատարել են իրենց աշխատանքը առաջին փուլում։
  • Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ պատրաստ է բանակցել Վլադիմիր Պուտինի հետ:

Ներքաղաքական իրադրություն

  • Ուկրաինայի նախագահը հրամանագիր է ստորագրել, որով հաստատել է առանց վիզայի ռեժիմը օտարերկրյա կամավորների համար, ովքեր ցանկանում են պատերազմել Կիևի կողմից։
  • Ուկրաինան ստացել է Իլոն Մասկի խոստացած Starlink համակարգի արբանյակային կապի տերմինալների առաջին խմբաքանակը։
  • Ռուս զինվորականները հումանիտար օգնություն կցուցաբերեն այն բնակիչներին, որոնք գտնվում են ռուսական վերահսկողության տակ անցած ուկրաինական տարածքներում։ Հայտարարել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչը Վասիլի Նեբենզյան։
  • Խերսոնի քաղաքապետը հայտնել է, որ քաղաքը շրջափակված է ՌԴ ԶՈւ ստորաբաժանումների կողմից և բնակիչներին կոչ է արել չլքել իրենց տները պարետային ժամի ընթացքում:
  • Վլադիմիր Զելենսկին մի շարք զինվորականների Ուկրաինայի հերոսի կոչումներ է շնորհել։
  • ԴԺՀ-ի պաշտոնական ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինը հայտարարել է, որ Մարիուպոլն արդեն այսօր ամբողջությամբ կլինի շրջափակման մեջ։ Ըստ նրա, բնակիչներին մինչև մարտի 2-ի կտրամադրվի հումանիտար միջանցք քաղաքը լքելու համար։

Արտաքին քաղաքական իրադրություն

  • Սպիտակ տունը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարող է ՌԴ-ի հետ քննարկել պատժամիջոցների մեղմացումը ապաէսկալացման ուղղությամբ քայլերի դեպքում։
  • ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան հայտարարել է, որ ռուսական գործողությունների ավարտը կարձանագրի Կիևի կողմից ապառազմականացման և դենացիֆիկացիայի մասին պատրաստակամության հայտարարությունը։
  • ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Եվրոպական կառույցները, որոնք Ուկրաինային մատակարարում են թռչող միջոցներ, պատասխանատվություն կկրեն հետևանքների համար։
  • 1999 թվականից ի վեր առաջին անգամ Շվեյցարիան մի կողմ թողնելով իր չեզոքությունը՝ միացել է Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցներին։
  • Սիրիայի փոխարտգործնախարարը հայտարարել է, որ ամերիկյան հատուկ ծառայություններն անհրաժեշտության դեպքում կարող են Ուկրաինա ուղարկել ԻՊ-ի ահաբեկիչներին և այլ արմատական խմբավորումների անդամներին։
  • Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսի զինուժը չի ծրագրում մասնակցել Ուկրաինայում ռուսական ռազմական գործողությանը: Լուկաշենկոյի խոսքով՝ այժմ ռազմական գործողությունն իրականացվում է հինգ ուղղություններով՝ Ղրիմից, Դոնեցկից, Լուգանսկից, Կիևի, Չերնիգովի, Խարկովի ուղղությամբ:
  • Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը մտադիր չէ մասնակցել Ուկրաինայի ընտրություններին հատուկ ռազմական գործողության ավարտից հետո։
  • Վրաստանի խորհրդարանի իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ կամավորներին Ուկրաինա ուղարկելը Վրաստանին պատերազմի մեջ ներքաշելու փորձ է։
  • ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն այժմ պատճառ չի տեսնում դաշինքի «միջուկային ուժերի» պատրաստվածության մակարդակի բարձրացման համար։
  • Եվրախորհրդարանը քվեարկել է Ուկրաինային ԵՄ-ին լիիրավ անդամակցության թեկնածու ընդունելու օգտին։ Այս տեղեկատվությունը հրապարակվելուց հետո Թուրքիայի նախագահ Էրդողանը արձագանքել է՝ նշելով, որ դրական է գնահատում Ուկրաինային ԵՄ կազմ թույլ տալու պատրաստակամությունը, սակայն տարակուսում է, թե ինչու օրակարգում մինչ օրս չկա Թուրքիայի հարցը։
  • Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը հայտարարել է, որ Ուկրաինան կարող է կանխարգելիչ հրթիռային հարված հասցնել Բելառուսի տարածքին: «Անհրաժեշտության դեպքում, եթե գերագույն գլխավոր հրամանատարը որոշում կայացնի դա անել, այն կընդունվի», – հայտարարել է նա «Ուկրաինա 24» հեռուստաալիքի եթերում:
  • Հայաստանը ԱԳՆ աշխատակիցներին կուղարկի Ուկրաինայի հետ սահմանակից քաղաքներ ՀՀ քաղաքացիներին օգնելու համար։

Ռազմական իրադրություն

  • Ուկրաինական կողմը հայտարարել է, որ Կիևը Արևելյան Եվրոպայի երկրներից 70 մարտական ինքնաթիռ կստանա՝ 16 միավոր ՄիԳ-29 և 14 միավոր Սու-25 կործանիչներ Բուլղարիայից, 28 միավոր ՄիԳ-29 Լեհաստանից, 12 միավոր ՄիԳ-29 Սլովակիայից: Ընդ որում, Սլովակիան սպառազինության մեջ ունի միայն 11 միավոր ՄիԳ-29, իսկ Բուլղարիան՝ 15 միավոր։ Այդ հայտարարությունից հետո Բուլղարիան այնուհետև նաև Լեհաստանը հայտարարել են, որ Ուկրաինա ինքնաթիռներ չեն ուղարկում։ Իսկ ուկրաինական ԶԼՄ-ները հայտնում են, որ Ուկրաինայի ԶՈւ օդաչուների խումբը մեկնել է Լեհաստան՝ Վարշավայի խոստացած ՄիԳ-29 կործանիչները բերելու համար համար։
  • Կանադան Ուկրաինային հակատանկային միջոցներ կմատակարարի։
  • Տարբեր լրատվամիջոցներում շրջանառվում է տեղեկություն, ըստ որի եվրոպական երկրներից շուրջ 200 վարձկաններ այժմ գտնվում են ուկրաինական զինված կազմավորումների կազմում Մարիուպոլի տարածքում:
  • Ավստրալիան 50 մլն դոլար կհատկացնի Ուկրաինային, որպես ռազմական աջակցություն, իսկ 25 մլն դոլար՝ հումանիտար օգնության համար։
  • Մադրիդում Եվրամիության արբանյակային կենտրոնը կսկսի Ուկրաինային հետախուզական տվյալներ տրամադրել ռուսական զորքերի տեղաշարժերի մասին։
  • Ուկրաինայի ՊՆ-ն հայտարարում է ՌԴ օդուժի Սու-30/35 կործանիչների խոցման մասին։
  • Համացանցի ուկրաինական տիրույթում ակտիվորեն շրջանառվում են թուրքական արտադրության «Bayraktar TB2» ԱԹՍ-ի նկարահանումների և ռուսական զինուժի շարասյուններին հարվածելու վերաբերյալ կադրեր։
  • Խարկովի կենտրոնական հրապարակը հրթիռային հարվածի է ենթարկվել։
  • ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելության օտարերկրյա ներկայացուցիչները լքում են Դոնեցկը։
  • ՌԴ ՊՆախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ ուկրաինական կողմը բախումների ժամանակ չի խորշում խաղաղ քաղաքացիներին օգտագործել որպես կենդանի վահան։ Ռուսական կողմը չի օկուպացնում ուկրաինական տարածքները, այլ անում է ամեն հնարավորը պահպանելու քաղաքացիների կյանքն ու անվտանգությունը։
  • Ռուսական զինուժի ստորաբաժանումները շարունակում են շարժվել դեպի Կիև։
  • ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ մարտի 1-ին ՌԴ ԶՈՒ-ն բարձր ճշգրտության հրթիռներով խոցել է երկու օդանավակայան և ՀՕՊ-ի երեք ռադիոլոկացիոն կետեր։ Բացառվել են հարվածները քաղաքացիական ենթակառուցվածքների և բնակելի տների ուղղությամբ։ Պաշտպանական գերատեսչությունը նաև հայտնել է, որ ԴԺՀ-ի առաջապահ ջոկատները հասել են Դոնեցկի մարզի սահման և միացել ռուսական ուժերին: Ուկրաինական ստորաբաժանումների մուտքը Ազովի ծով ամբողջությամբ արգելափակվել է։ Ռազմական գործողության սկզբից ի վեր խոցվել է Ուկրաինայի ռազմական կառույցի 1325 օբյեկտ, 395 տանկ և այլ տիպի զրահամեքենաներ, 59 համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, 179 միավոր դաշտային հրետանային միջոցներ և ականանետներ, 286 հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա։
  • ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ տեղեկատվական հարձակումները կանխելու համար բարձր ճշգրտության զենքով հարված կհասցվի Ուկրաինայի զինված ուժերի տեղեկատվական-հոգեբանական գործողությունների 72-րդ գլխավոր կենտրոնին, Ուկրաինայի անվտանգության ծառայության կիբերհարձակումների ստորաբաժանումներին։ ՌԴ ն կոչ է արել Կիևի բնակիչներին, որոնք ապրում են վերահեռարձակող հանգույցների հարևանությամբ, լքել իրենց տները։
  • Կիևում հեռուստաաշտարակին երկու հարված է հասցվել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն հայտարարում է, որ որոշ ժամանակ հեռուստաալիքները չեն աշխատի։ Ուկրաինական ԶԼՄ-ները գրում են որ հարվածի արդյունքում զոհվել է 5 մարդ։
  • Ուկրաինական ԶԼՄ-ները գրում են, որ տեղի է ունեցել գերիների փոխանակում։ Տարածքային պաշտպանության ուժերի հինգ մարտիկներ հանձնվել են ուկրաինական կողմին՝ ՌԴ ԶՈւ մեկ սպայի դիմաց։
  • Խարկովը հրետակոծության է ենթարկվում, հայտնել է քաղաքապետը։
  • Ուկրաինայի արևելքում ռազմական գործողության անցկացման գոտում արդեն 32 բնակավայր անցել է ՌԴ ԶՈւ-ի վերահսկողության տակ։

Միջազգային մամուլ

  • «The Economist» պարբերականը գրել է, որ Ուկրաինա ներխուժման ժամանակ 24 ժամվա ընթացքում Ռուսաստանն ավելի շատ կորուստներ է կրել, քան 8 տարվա ընթացքում Սիրիայի մարտերում։ Նշվում է, որ Ուկրաինայի հակատանկային միջոցները ռուսական հարձակմանը լուրջ դիմադրություն են ցույց տվել հյուսիսում և արևելքում։
  • The Daily Telegraph-ը գրում է, որ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունն իր զինծառայողներին զգուշացրել է, որ նրանք չպետք է ինքնակամ մեկնեն Ուկրաինա պատերազմելու:
  • CNN-ը՝ վկայակոչելով գերմանացի փորձագետներին, գրում է, որ Գերմանիան այժմ այլ երկիր է, նա 5 օրում վերջ է տվել պացիֆիզմին։ Արևմուտքն ավելի համախմբված է, քան վերջին տասնամյակում։
  • «FOX News»-ը հայտնել է, որ 400 միջուկային հրթիռներ գտնվում են ԱՄՆ-ի տարածքում գտնվող կետերում և պատրաստ են հաշված րոպեների ընթացքում արձակվել։ Միջուկային զինանոցի 70%-ը տեղակայված է ատոմային սուզանավերի վրա։ Դրանք նույնպես կարող են գործարկվել հնարավորինս արագ։