«Լուսակերտ» թռչնաֆաբրիկան Նոր Գեղիում բաժանելու է իր 8 հազար հավն ու փակվի. Թագուհի Թովմասյան

«Վստահաբար տեղյակ եք, թե հավկիթի շուկայում ինչ է տեղի ունենում։  «Շիրակ» թռնչաֆաբրիկան, իհարկե, արտաքուստ շատ լավ բան է արել, ձվի գինը իջեցրել է ու վաճառում է 30-35 դրամով, բայց դրա հետևանքով տուժում են փոքր ընկերությունները»,- ԱԺ-ում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ «Քիչ առաջ ինձ տեղեկացրին, որ «Լուսակերտ» թռչնաֆաբրիկան Նոր Գեղի համայնքում այսօր բաժանելու է իր 8 հազար հավն ու փակվելու է, 88 աշխատող մնում է անգործ: Արդյո՞ք սա ազատ, արդար ու թափանցիկ մրցակցության դրսևորում է, երբ ավելի խոշոր ընկերությունը դեմպինգ է անում և փոքր ընկերությունները դրանից խեղճանում են»,- հայտարարեց Թովմասյանը՝ նշելով, որ «Աշտարակ» ընկերությունն այս հարցով դիմել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին, որպեսզի վերաբերմունք արտահայտի, բայց հանձնաժողովը հարցը շարունակ ուսումնասիրում է։

«Մինչև դուք ուսումնասիրում եք խնդիրը, այդ ընթացքում ընկերություն է փակվում։ Այսքան օրենսդրական փոփոխություններն արդյո՞ք չեն նպաստում, որ դուք ավելի օպերատիվ աշխատեք ու խնդիրներին ավելի օպերատիվ արձագանքեք», – ասաց պատգամավորը՝ դիմելով Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանին:
Գեղամ Գևորգյանը պատասխանեց, թե «Շիրակ» թռչնաֆաբրիկայի շեմը 10 տոկոսին էլ մոտ չէ ու չի կարող դեմպինգ իրականացնել:

«Եթե շուկան չկայացավ, այս խնդիրները լինելու են, շղթա է գործում՝ մի սուպերմարկետում գինն իջնում է, մյուս տնտեսվարողները ևս սկսում են գինը իջեցնել: Չի կարող շուկայում 4 կամ 5 տոկոս ունեցող տնտեսվարող սուբյեկտն իրականացնել դեմպինգ», – ասաց նա: