ԱՄՆ-ը և Իտալիան ՌԴ-ում գտնվող իրենց քաղաքացիներին կոչ են արել անհապաղ հայրենիք վերադառնալ

ԱՄՆ քաղաքացիները պետք է դիտարկեն կոմերցիոն թռիչքներով Ռուսաստանից անհապաղ հեռանալու հարցը, հայտնում է Reuters-ը։ Հայտարարության մեջ Պետդեպարտամենտը վկայակոչել է թռիչքները չեղարկող ավիաընկերությունների և օդային տարածքը փակող երկրների աճող թիվը Ռուսաստանի համար՝ Ուկրաինա ներխուժումից հետո:

Պետդեպարտամենտն ԱՄՆ քաղաքացիներին խնդրել է «չնախատեսված հանգամանքների համար պլան ունենալ, որը կախված չէ ԱՄՆ կառավարության օգնությունից»:

Պետքարտուղարությունը ՌԴ ուղևորությունների իր առաջարկությունները պահպանել է «4-րդ մակարդակում. չճանապարհորդել»:

Փետրվարի 20-ին Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին խորհուրդ տվեց տարհանման պլան ունենալ՝ պատճառաբանելով ահաբեկչական հարձակումների սպառնալիքը Մոսկվայում եւ Ուկրաինայի հետ Ռուսաստանի սահմանի երկայնքով։

ՌԴ-ում ժամանակավորապես գտնվող իտալացի բոլոր քաղաքացիներին խորհուրդ է տրվել վերադառնալ հայրենիք, ինչպես նաև հետաձգել ավելի վաղ նախատեսված ուղևորություններն այդ երկիր։ Այն հրապարակվել է փետրվարի 28-ին՝ ԱԳՆ ճգնաժամային կենտրոնի կայքում։

Մասնավորապես, հաղորդման մեջ հիշատակվում է Իտալիայի օդային տարածքը փետրվարի 27-ից ռուսաստանյան ինքնաթիռների համար փակելու որոշման մասին։ «Հաշվի առնելով այս և հնարավոր հետագա սահմանափակումները՝ ժամանակավորապես ՌԴ տարածքում գտնվող քաղաքացիներին (զբոսաշրջիկներ, ուսանողներ, գործնական այցերով այդ երկրում գտնվողներ) կազմակերպել հայրենիք վերադարձը ցանկացած առևտրային տրանսպորտով»,- ասվում է հայտարարությունում։