Ուկրաինան և Ռուսաստանը խորհրդակցում են բանակցությունների անցկացման վայրի և ժամկետի շուրջ

Ուկրաինայի ղեկավարությունը համաձայնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ բանակցություններ վարելու առաջարկին, հաղորդում է «ՈՒՆԻԱՆ»-ը։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է Ուկրաինայի նախագահի խոսնակ Սերգեյ Նիկիֆորովը։

«Ուկրաինան պատրաստ է եղել և պատրաստ է խոսել հրադադարի և խաղաղության շուրջ։ Սա մեր անփոփոխ ​​դիրքորոշումն է։ Մենք համաձայնել ենք Ռուսաստանի Դաշնության նախագահի առաջարկին։ Երկու կողմերը խորհրդակցում են բանակցային գործընթացի անցկացման վայրի և ժամկետի շուրջ։ Որքան շուտ սկսվեն բանակցությունները, այնքան ավելի շատ հնարավորություններ կլինեն նորմալ կյանքը վերականգնելու համար»,- գրել է Նիկիֆորովը։

Ավելի վաղ Զելենսկու աշխատակազմը հայտարարել է, որ Կիևը և Մոսկվան կարող են քննարկել Ուկրաինայի չեզոք կարգավիճակը։