Մենք միայնակ ենք․ աշխարհի ամենահզոր ուժերը հեռվից հետևում են․ Զելենսկի

Ռուսաստանը երկրորդ օրն անընդմեջ հրթիռային հարվածներ է հասցնում Ուկրաինայի խաղաղ քաղաքներին: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր տեսաուղերձում, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը։

Նախագահի խոսքով՝ ռուսները չեն տարբերում՝ ինչ ուղղությամբ գործել, և հարվածի տակ են հայտնվում ոչ միայն ռազմական օբյեկտները, այլ նաև բնակելի շենքերը։

«Այս հարձակման նպատակը մեզ վրա ճնշում գործադրելն է, հարգելի՛ քաղաքացիներ։ Ճնշում մեր հասարակության վրա։ Ես շեշտում եմ՝ ճնշում ոչ թե պարզապես իշխանության, այլ բոլոր ուկրաինացիների վրա։ Եվ այսօր ավելի շատ, քան երեկ։ Մեր տղաներն ու աղջիկները, Ուկրաինայի բոլոր պաշտպաններն առաջին օրվանից թշնամուն թույլ չեն տվել իրականացնել ներխուժման օպերատիվ ծրագիրը»,- ասել է Զելենսկին։

Նախագահն ընդգծել է, որ շատ ուղղություններով թշնամու հարձակում կանխվել է, մարտեր են ընթանում։ Զելենսկին նշել է, որ հակաօդային պաշտպանության համակարգերը պաշտպանում են երկինքը, սակայն թշնամու ավիացիան նենգաբար գործում է բնակելի թաղամասերում, մասնավորապես՝ Կիևում։

«Մենք միայնակ ենք պաշտպանում մեր պետությունը։ Աշխարհի ամենահզոր ուժերը հեռվից հետևում են։ Երեկվա պատժամիջոցները համոզեցի՞ն Ռուսաստանին։ Դա բավարար չէ»,- ասել է Զելենսկին։

Զելենսկին բոլոր ուկրաինացիներին կոչ է արել մոբիլիզացվել ու օգնել միմյանց ու բանակին։

«Ուկրաինացիների ճակատագիրը կախված է միայն մեզնից։ Մեզնից բացի ուրիշ ոչ ոք չի ղեկավարի մեր կյանքը: Մենք մեր հողի վրա ենք, ճշմարտությունը մեզ է պատկանում։ Մեզ ոչնչացնել չի ստացվի։ «Կալիբր» հրթիռներն անզոր են մեր ազատության դեմ»,- ասել է Զելենսկին։

Զելենսկին ընդգծել է, որ Ռուսաստանն ամեն դեպքում ստիպված է լինելու երկխոսել իրենց հետ։ «Որքան շուտ սկսվի երկխոսությունը, այնքան քիչ կլինեն կորուստները հենց Ռուսաստանի համար»,- նշել է Զելենսկին։

Ռուսաստանի ՊՆ-ն իր հերթին հայտարարել է, որ ռուսական զինված ուժերը հարվածներ են հասցնում Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքներին և ավիացիային, քաղաքացիական բնակչությանը ոչինչ չի սպառնում:

«Ընդհանուր առմամբ, ռուսական ԶՈՒ հարվածների արդյունքում շարքից հանվել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքների  83 միավոր ցամաքային օբյեկտ: Հատուկ ռազմական գործողության սկզբից խփվել է Ուկրաինայի զինված ուժերի 2 ՍՈՒ-27, 2 ՍՈՒ-24, մեկ ուղղաթիռ և 4 «Բայրաքթար» հարվածային ԱԹՍ»,-փետրվարի 24-ի երեկոյան հայտարարել է Ռուսաստանի ՊՆ ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը: