Ռուսական ռազմական օպերացիան Ուկրաինայում․ որոշ նախնական հետևություններ Հայաստանի համար

Փետրվարի 24-ի լույս գիշերը ՌԴ նախագահը հայտարարեց Ուկրաինայում հատուկ օպերացիայի մասին, որի շրջանակներում նախատեսվում է այսպես կոչված Ուկրաինայի «դենացիֆիկացիա» և «դեմիլիտարիզացիա»։ Սա ոչ այլ ինչ է, քան Ուկրաինայում իշխանափոխության և ապառազմականացման մտադրության մասին ակնհայտ բարձրաձայնում։ Ընդ որում, ՌԴ նախագահը նաև ընդգծեց, որ ցանկացած երրորդ կողմի միջամտություն կարժանանա աննախադեպ և անհապաղ արձագանքի։ Քիչ անց ՌԴ ԶՈՒ-ը զանգվածային հրթիռային հարվածներ հասցրեցին Ուկրաինայի ողջ տարածքում գտնվող ռազմական օբյեկտներին՝ առաջին հերթին օդանավակայաններին և ռազմական պահեստներին, զորքերի կուտակման վայրերին։

Ի՞նչ է սա նշանակում աշխարհի և Հայաստանի համար, որո՞նք են առաջին հետևություններն ու մտահոգությունները․

  • Աշխարհը վերջնականապես թևակոխելու է նոր սառը պատերազմի փուլ, ինչը նվազագույնի է հասցնելու փոքր երկրների՝ խուսանավելու հնարավորությունը։
  • ՌԴ-ՆԱՏՕ առճակատումը կարող է խորանալ միաժամանակ տարբեր այսպես կոչված «մոխրագույն գոտիներում»՝ այդ թվում Մերձավոր Արևելքում, Հարավային Կովկասում։
  • Շատ անկանխատեսելի են Թուրքիայի հնարավոր գործողությունները։ Արդեն իսկ Ուկրաինայի նախագահը օգնություն է խնդրել Անկարայից։ Դեռ պարզ չէ, թե Էրդողանն այդ «օգնությունը» ինչ եղանակով և որ ուղղությամբ տեղ կհասցնի։
  • Ուկրաինայում ակնհայտորեն ոչընչացվելու են Բայրաքթարների մասին «լեգենդները», որոնք հյուսվում էին Թուրքիայի և Ադրբեջանի կողմից հատկապես 44-օրյա պատերազմից հետո։ Սա կարող է վերջիններիս դրդել այդ զինատեսակը կրկին գովազդել այլ, ավելի խոցելի հատվածներում՝ օրինակ Սյունիքում և Արցախում։
  • ՌԴ և Արևմուտքիւ միջև «երկաթե վարագույրի» իջեցումը կարող է վերջնականապես սահմանափակել Ռուսատանի տնտեսական ազդեցության արեալում գտնվող երկրների՝ այդ թվում Հայաստանի տնտեսական կապերն ու հնարավորությունները Արևմուտքի ուղղությամբ։
  • Հայաստանի առջև կարող են դրվել դաշնակցային պարտավորություններից բխող նոր խնդիրներ՝ ընդհուպ ռազմա-քաղաքական աջակցություն Մոսկվային, ՀԱՊԿ մեխանիզմների գործարկում, Ուկրաինայի տարածքում ձևավորված/ձևավորվող սուբյեկտների ճանաչում։
  • Արդեն իսկ խոսվում է ՌԴ նկատմամբ աննախադեպ պատժամիջոցների, բանկային ՍՎԻՖԹ համակարգից Ռուսաստանն անջատելու ծրագրերի մասին։ Սա անշուշտ կործանարար հարված է լինելու Հայաստանի տնտեսության համար, ստիպելու է ամբողջովին վերանայել բանկային, ֆինանսա-տնտեսական քաղաքականությունը, էականորեն սահմանափակվելու է Ռուսաստանից Հայաստան ուղղվող տրանսֆերտների քանակը։
  • Սկսվում է Եվրասիայում միջազգային համակարգի վերաձևակերպման ակտիվ փուլ, որտեղ միջազգային հարաբերություննում սուբյեկտի կարգավիճակը կորցրած երկրները, ինչպիսին, ցավոք, դարձել է նաև Հայաստանը՝ 44-օրյա պատերազմից և 2021թ-ի ընտրություններից հետո, այլևս չեն կարողանալու որոշիչ ազդեցություն ունենալ սեփական ճակատագրի որոշման հարցում։
  • Ռուսաստանը սկսելու է ավելի կոշտ քաղաքականություն վարել իր անմիջական հարևանությամբ, էականորեն սահմանափակելու է իրենից անմիջական կախվածության մեջ գտնվող երկրների արտաքին քաղաքական գործիքակազմը, չի բացառվում ռազմա-քաղաքական միջամտությունը՝ ոչ ցանկալի «ռեժիմների» դեմ․․․

Ի՞նչ պետք է անի Հայաստանը․

▪︎Անհապաղ վերջ տալ Թուրքիայի և Ադրբեջանի հետ աշխարհաքաղաքական սիրախաղին, Ռուսաստանի հետ նորմալ և ուղիղ երկխոսություն սկսել, հստակեցնել այս նոր աշխարհաքաղաքական խաղում Հայաստանին վերապահված դերը, մեկընդմիշտ ցրել դաշնակցի մեջքի հետևում դավադրություններ հյուսելու կասկածները։

▪︎Արագ համախմբել ներքին ռեսուրսները, պատրաստ լինել ցանկացած պահի հետ մղել Սյունիքի և Արցախի դեմ Թուրքիայի հնարավոր հարձակումը(առանց Թուրքիայի ակնհայտ պահանջի քիչ հավանական է, որ Ալիևը ներկայումս կգնա լուրջ էսկալացիայի ճանապարհով՝ հատկապես հաշվի առնելով վերջերս Մոսկվայում ստորագրված հռչակագիրը)

▪︎Շտապ բանակցություններ սկսել Իրանի հետ, հնարավոր ռիսկերի դեպքում վերջինից արագ ռազմա-քաղաքական աջակցություն ստանալու ակընկալիքով՝ հաշվի առնելով ՌԴ համար մի քանի ճակատով գործելու հնարավոր բարդությունները։

▪︎Ակտիվացնել բանակցային ջանքերը Արևմուտքի ուղղությամբ՝ ՌԴ նկատմամբ հնարավոր պատժամիջոցների ծանր հետևանքները Հայաստանի համար հնարավորինս մեղմելու ակնկալիքով, այս նպատակով մոբիլիզացնել Սփյուռքի ջանքերը։

▪︎Բանակցություններ վարել մյուս գերտերությունների՝ հատկապես Չինաստանի հետ՝ փորձելով անվտանգային լրացուցիչ երաշխիքներ ստանալ․․․

Ակնհայտ է, որ ՀՀ գործող իշխանություններից այս ամենն ակնկալելն անիմաստ է, վերջիններս հետաքրքիր զուգադիպությամբ հենց այսօր Վիեննայում բանակցություններ են վարում Թուրքիայի հետ, ու չի բացառվում դրանց արդյունքում տարօրինակ որոշումների ընդունումը։

Իհարկե, լավագույն տարբերակը կլիներ, եթե գործող իշխանությունն ինքը հասկանար պահի լրջությունը և երկիրը հերթական աղետին հասցնելուց խուսափելու իրենց անկարողությունը՝ իշխանությունը զիջելով կամ կիսելով առավել խորիմաստ ու փորձառու առաջնորդների հետ։ Սակայն քանի որ սա գրեթե բացառվում է, պետք է հնարավորինս բարձրացնել հանրային իրազեկման մակարդակը վերոհիշյալ իրողությունների մասին, համախմբել հասարակությանը՝ պատրաստ լինելով ցանկացած սցենարի։

Դերենիկ Խաչատրյան