Լուգանսկում 3000-ից ավելի հայ կա, որոնց 10–15 %-ն է տարհանվել. Հայերի միության ղեկավար

Առավոտյան ժամը 5-ից ուժեղ կրակոցներ սկսվեցին Ուկրաինայի կողմից, բնականաբար, Լուգանսկի և Դոնեցկի ժողովրդական Հանրապետությունների բանակը պատրաստ է պաշտպանել իր հայրենիքը ու հակահարված է տալիս Ուկրաինային։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Լուգանսկի Հայերի միության ղեկավար Վարդան Հայրապետյանը։

«Սահմանակից գոտիների, որոնք 10-15 կմ հեռու են մեզնից, քաղաքացիական օբյեկտների վրա նույնպես կրակում են։ Ուկրաինան  հայտարարում է, թե իրենք ոչինչ չեն անում, բայց մենք ամեն ինչ տեսնում և լսում ենք։ Հիմա սահմանին շատ թեժ է, իսկ քաղաքում՝ ահավոր վիճակ։ Դատարկություն է, քաղաքը պարալիզացված է, նույնիսկ մթերային խանութների մեծամասնությունը չի աշխատում, ժողովուրդ չկա, հիմա հավաք է գնում, մարդիկ վախենում են տներից դուրս գալ, որ չհավաքեն տանեն»,– նկարագրելով իրավիճակը Լուգանսկում՝ պատմեց Վարդան Հայրապետյանը։

Նշենք, որ Լուգանսկում ավելի վաղ հայտարարված զորահավաքի համաձայն, 18–ից 55 տարեկան տղամարդկանց արգելված է հեռանալ Հանրապետությունից։

Լուգանսկում, ըստ Հայերի միության ղեկավարի, 3000–ից ավելի հայ կա, որոնց 10–15 տոկոսն է տարհանվել։

«Բոլորի հետ կապի մեջ եմ, անհրաժեշտ օգնությունը ցուցաբերվում է։ Տարհանվողներ եղել են, բոլոր նրանք, ովքեր հնարավորություն չունեն, բայց ուզում են տարհանվել, մեզ են դիմում և կազմակերպվում է նրանց տարհանումը ապահով վայրեր։ Ընդհանուր առմամբ, մենք ապահով ենք, մեր հայերից տղաներ կան, որոնք կամավորագրվել են, ոմանք էլ ծառայում են, մենք էլ մեր ձևով ՝ ինչով կարողանում՝ օգնում ենք։ Սա մեր երկրորդ հայրենիքն է, պարտավոր ենք պաշտպանել մեր հայրենիքը, ուղղակի Ուկրաինայի ղեկավարությունը սխալ կերպ է վարվում»,–  նշեց Լուգանսկում Հայերի միության ղեկավարը։

Նրա խոսքով՝ արցախյան 44–օրյա պետերազմի հետևանքով Լուգանսկ տեղափոխված հայեր կան, որոնք փաստաթղթերի հետ խնդիրներ  ունեն և չեն կարող լքել իրենց բնակության վայրը, բայց նրանց համար անհանգստանալու կարիք չկա։

«Իրենք ապահով են, իրենց տներում, ինչով կարողանում՝ օգնում ենք, սննդից սկսած ամեն ինչ էլ տրամադրվում է անհրաժեշտության դեպքում։ Ինձ հետ կապվել են Ռուսաստանի հայերի միությունից և Հայաստանի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից և պատրաստակամություն հայտնել մեզ օգնել։ Բոլորից շատ շնորհակալ ենք աջակցության համար»,– հավելեց Լուգանսկի Հայերի միության ղեկավար Վարդան Հայրապետյանը։

Նշենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր՝ փետրվարի 24–ին, առավոտյան ժամը 05.50-ին ռուսաստանցիներին ուղղված իր ուղերձում հայտարարել է, որ Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել: