Ռուս- ուկրաինական լայնածավալ պատերազմը ոչ թե բացառվել, այլ ընդամենը հետաձգվել է, թերևս, կարճ ժամանակով…

2022 թվականի 22.02. հիշեք այս ոչ սովորական ու պատմական օրը. Դոնբասում ու նրա շուրջ իրադարձություններն այդ օրը ստացան ինչ-որ առումով այլ և անսպասելի ընթացք: Կանխատեսվում էր, որ Ուկրաինայի, ԱՄՆ-ի, Արևմուտքի կամ նրանց համատեղ սադրանքի արդյունքում Դոնբասում լայնածավալ պատերազմ կբռնկվի, ՌԴ զինված ուժերի ստորաբաժանումները տեղի բնակչությանը պաշտպանելու նպատակով կմտնեն Դոնբաս ու կսկսվի ռուս- ուկրաինական մեծամասշտաբ պատերազմը: Իրականում ինչ տեղի ունեցավ…

ԱՄՆ-ի, Արևմուտքի կողմից զինված ու շարունակաբար զինվող ուկրաինական ուժերը, որոնք 22-ից դեռ մի քանի օր առաջ` փետրվարի 17-ից կտրուկ սաստկացրել էին Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության (ԼԺՀ) դեմ իրականացվող իրենց սադրանքների, հարձակումների շարքը, ընդ որում, նաև արգելված զինատեսակների և ռազմական տեխնիկայի կիրառմամբ, փետրվարի 21-ից Դոնբասի պաշտպաններին և խաղաղ բնակչությանը հարվածներ են հասցրել երկու հանրապետությունների հետ շփման գծի ողջ երկայնքով, փորձելով հատուկջոկատայինների ու դիվերսիոն խմբերի միջոցով ներթափանցել նույնիսկ Ռուսաստանի հետ Դոնբասի սահմանային հատված: Գնալով լարվող իրավիճակը սպառնում էր հաջորդ օրվանից` փետրվարի 22-ից վերածվելու մի կողմից Ուկրաինայի, իսկ մյուս կողմից ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի միջև լայնածավալ պատերազմի:

Սակայն, ինչպես արդեն հայտնի է, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ի ուշ երեկոյան ժողովրդին ուղղված իր ուղերձում հայտարարեց Ռուսաստանի կողմից ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի անհապաղ ճանաչման անհրաժեշտության, այդ կապակցությամբ ընդունված որոշման մասին, այնուհետև ստորագրեց ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն որպես ինքնիշխան պետություններ ճանաչելու հրամանագրերը, բացի այդ, նշված հանրապետությունների ղեկավարների հետ ստորագրեց ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի հետ ՌԴ բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին պայմանագրերը:

ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչման հրամանագրերի 4-րդ կետով Պուտինը Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը հանձնարարել է  ապահովել խաղաղության պահպանումը ԼԺՀ-ում և ԴԺՀ-ում, ՌԴ Զինված ուժերի միջոցով խաղաղապահ գործառույթներ իրականացնել այնտեղ` նախքան ԴԺՀ -ի և ԼԺՀ-ի հետ համապատասխան համաձայնագրերի ստորագրումն ու վավերացումը:

Փետրվարի 22-ի գիշերը ռուսական խաղաղապահ զորակազմը մտավ Դոնբաս :

Այսպիսով արձանագրենք.

  1. Պուտինի կատարած նախաձեռնողական քայլերի շնորհիվ փետրվարի 22-ին Ուկրաինայի և Դոնբասի հանրապետությունների միջև լայնամասշտաբ պատերազմ չսկսվեց, այն կանխվեց:
  2. Ռուսական զորքը փետրվարի 22-ին, այնուամենայնիվ, մտան ԴԺՀ և ԼԺՀ` տեղի բնակչությանը պաշտպանելու նպատակով:
  3. Չնայած Դոնբաս ռուսական զորքի մուտքին, ինչպես նաև Պուտինի և Ռուսաստանի կատարած հետագա քայլերին, Ուկրաինան լայնամասշտաբ պատերազմ չնախաձեռնեց ԴԺՀ-ի, ԼԺՀ-ի և (կամ) Ռուսաստանի դեմ, ինչը, սակայն, չի նշանակում այդ գաղափարից հրաժարվել: Ուկրաինան պարզապես ժամանակ է վերցրել առավել զինվելու, ԱՄՆ-ից, Արևմուտքից նաև ֆինանսական և այլ բնույթի լրացուցիչ օգնություններ ստանալու, ինչպես նաև Արևմուտքի միմյանց հաջորդող ու հաջորդելիք պատժամիջոցների արդյունքում պատերազմից առաջ Ռուսաստանի առավել թուլացմանը հասնելու նպատակով: Այլ խնդիր է, որ Ռուսաստանը կարող է դա կանխել, իր հերթական նախաձեռնողականությամբ թույլ չտալ…

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 22-ին հայտարարել է, որ Ուկրաինան «ոչ մեկին ոչինչ չի տա», որևէ մեկին չի զիջի իր տարածքները:

«Մենք մեր հողի վրա ենք։ Մենք ոչնչից և ոչ մեկից չենք վախենում։ Մենք ոչ մեկին ոչինչ պարտք չենք: Մենք ոչ մեկին ոչինչ չենք տա: Մենք համոզված ենք դրանում»,- մեկնաբանելով ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ինքնիշխանությունը ճանաչելու Ռուսաստանի որոշումը, ասել է Զելենսկին ուկրաինացիներին ուղղված տեսաուղերձում, որը հեռարձակվել է «Ռադա» հեռուստաալիքով:

Նախագահը նաև հայտարարել է, որ «ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն՝ Ուկրաինան իրեն իրավունք է վերապահում անհատական ​​և կոլեկտիվ ինքնապաշտպանության»։ Զելենսկու խոսքով` այժմ կարևոր է հասկանալ, թե ով է Ուկրաինայի իսկական բարեկամն ու գործընկերը, «և ով կշարունակի բառերով վախեցնել Ռուսաստանի Դաշնությանը»։

«Ուկրաինան Ռուսաստանի Դաշնության վերջին գործողությունները միանշանակ որակում է որպես մեր պետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտում։ Նշված գործողությունների հետ կապված հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունը»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

«Այժմ կարևոր է կենտրոնանալ այն բանի վրա, թե ինչպես խուսափել պատերազմից և ստիպել Ուկրաինային դադարեցնել Դոնեցկի և Լուգանսկի դեմ հրետակոծություններն ու սադրանքները»,- Զելենսկու վերոնշյալ հայտարարությունից առաջ, ТАСС-ի տեղեկացմամբ, ասել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան` ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, որը նվիրված է եղել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին։

Ռուսաստանը երաշխավորում է ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի անվտանգության ապահովումը. փետրվարի 22-ին հայտարարելով այս մասին, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հավելել է` «Կարծում եմ, որ բոլորը դա հասկանում են»…

Նույն օրը Զելենսկին ասել է, որ Ուկրաինան կարող է խզել Ռուսաստանի հետ իր դիվանագիտական հարաբերությունները, իսկ ՌԴ Պետդուման վավերացրել է ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի հետ բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագրերը` իր լիագումար նիստում ձայների մեծամասնությամբ հավանություն տալով ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի հետ բարեկամության, համագործակցության և փոխօգնության մասին պայմանագրերի վավերացման մասին դաշնային օրենքին։ Նշված պայմանագրերը նույն օրը վավերացրել են նաև ՌԴ Դաշնային խորհուրդը և Վլադիմիր Պուտինը:  Դարձյալ նույն օրը` փետրվարի 22-ին, ՌԴ նախագահը Դաշնային խորհրդին խնդրել ու ստացել է արտերկրում ռուսական բանակն օգտագործելու իրավունք:

Այնուհետև, նույն օրվա ընթացքում, Պուտինը հայտարարել է , որ Ռուսաստանը ճանաչել է ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն նրանց սահմանադրություններով սահմանված նշված հանրապետությունների սահմաններում, որոնք համընկնում են Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանների հետ։ Նշենք, որ ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի տարածքների մի մասն այժմ փաստացի բռնազավթված է Ուկրաինայի կողմից:

«Դե, մենք ակնկալում ենք, սա շեշտում եմ, որ բոլոր վիճելի հարցերը կլուծվեն Կիևի ներկայիս իշխանությունների և այս հանրապետությունների ղեկավարության միջև բանակցությունների ընթացքում»,- ասել է նախագահը։

«Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունը Ուկրաինային կոչ կանի կամավոր դուրս բերել զորքերը Լուգանսկի շրջանից, հակառակ դեպքում միջոցներ կձեռնարկվեն»,- «Коммерсантъ»-ի տեղեկացմամբ , ասել է ԼԺՀ խորհրդարանի փոխխոսնակ Դմիտրի Խորոշիլովը (կարդալ 12:01-ի տեղեկատվությունը)։

Փետրվարի 22-ի ուշ երեկոյան Զելենսկին ուկրաինական բանակի համալրման համար հայտարարել է պահեստազորայինների զորակոչ, իսկ այսօր Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է նաև պլան «Բ»-ի մասին, ըստ որի, Կիևը «կպայքարի յուրաքանչյուր թիզ հողի համար»։ Այսօր Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը որոշում է ընդունել Ուկրաինայում արտակարգ դրություն սահմանելու մասին, բացառությամբ Դոնեցկի և Լուգանսկի մարզերի, քանի որ 2014-ից այնտեղ գործում է հատուկ իրավական ռեժիմ: Այսօր հայտնի դարձավ նաև, որ Ուկրաինայում Ռուսաստանի դիվանագիտական ​​ներկայացուցչությունները սկսել են անձնակազմի տարհանումը:

Վերոնշյալ բոլոր տեղեկությունները, ինչպես նաև իրադարձությունների զարգացման այն մանրամասները, որոնք ժամանակի սղության պատճառով հնարավոր չեղավ ներառել սույն հրապարակման մեջ, հիմք են տալիս եզրակացնելու, որ ռուս- ուկրաինական լայնածավալ պատերազմը ոչ թե բացառվել, այլ ընդամենը հետաձգվել է, թերևս, կարճ ժամանակով… Դա կախված կլինի Դոնբասում մարտական գործողությունների հետագա ծավալումից:

 

Արթուր Հովհաննիսյան