ԱԺ արտահերթ նիստը չկայացավ

Ազգային ժողովի փետրվարի 23-ի արտահերթ նիստը չի կայացել քվորում չլինելու պատճառով:

Ժամը 12:00-ին անհրաժեշտ թվով պատգամավորներ չեն գրանցվել: «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` գրանցումը շարունակվել է մինչև անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցվելը, բայց ոչ ավելի, քան 4 ժամ: ԱԺ կայքից տեղեկանում ենք, որ այդ ընթացքում ևս անհրաժեշտ թվով պատգամավորներ չեն գրանցվել:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը հայտարարել է, որ գրանցվել է 31 պատգամավոր, ինչը նիստի իրավազորության համար բավարար չէ, և նիստը համարվել է չկայացած:

Հիշեցնենք, որ արտահերթ նիստի օրակարգում էր «Հայաստան» խմբակցության կողմից առաջարկված Ազգային ժողովի հայտարարության նախագիծը Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանների կողմից «Շուշիի հռչակագրի» վավերացման կապակցությամբ։