Բերման ենթարկվելու պահին լրագրողը ներկայացել է, սակայն ոստիկանները բռնի ուժ են կիրառել. «Երկիր մեդիան» հայտարարություն է տարածել

«Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը հայտարարություն է տարածել` դատապարտելով ոստիկանության կողմից ազատ խոսքի սահմանափակման ու հեռուստաընկերության լրագրողի մասնագիտական աշխատանքը խոչընդոտելու դեպքը։

«Փետրվարի 22-ի երեկոյան Արմենիա Մարիոթ հյուրանոցի տարածքից, ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության ակցիան լուսաբանելու իր մասնագիտական պարտականությունները կատարելու ընթացքում, ոստիկանության կողմից բիրտ ուժի կիրառմամբ, բերման է ենթարկվել «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրագրող Անի Նահապետյանը:

Բերման ենթարկվելու պահին լրագրողը ներկայացել է, ցույց է տվել իր լրագրողական տարբերանշանը, սակայն ոստիկանները, խոչընդոտելով իր մասնագիտական պարտականությունների կատարելուն ուղղված լրագրողի աշխատանքը, ոչ միայն չեն դադարեցրել իրենց ապօրինի գործողությունները, այլև նրան բռնությամբ տեղափոխել են Ոստիկանության Կենտրոնի բաժանմունք, որտեղ պահել են ավելի քան 4 ժամ:

Ոստիկանատանը ապօրինի առգրավվել է Անի Նահապետյանի հեռախոսը, որտեղից ջնջվել են մասնագիտական աշխատանքի հետ կապված զգալի թվով տեսանյութեր: Անի Նահապետյանն իր մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առիթով Ոստիկանությունում հաղորդում է ներկայացրել հանցագործության վերաբերյալ:

«Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը խստորեն դատապարտում է Ոստիկանության կողմից ազատ խոսքի սահմանափակման ու լրագրողի մասնագիտական աշխատանքը խոչընդոտելու այս խայտառակ դեպքը և իրավապահ մարմիններից պահանջում է պատժել մեղավորներին»։