ՄԱԿ գլխավոր քարտուղարը մտահոգված է Ուկրաինայում հետագա էսկալացիայի ռիսկերով

Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված վերջին զարգացումները, ներառյալ հրադադարների խախտումների աճը, լուրջ մտահոգություն են առաջացնում։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ դրա պատճառով կրճատելով իր արտասահմանյան այցը։ Գրում է ՏԱՍՍ-ը:

«Ես լրջորեն անհանգստացած եմ Ուկրաինայի հետ կապված վերջին զարգացումներով, ներառյալ՝ շփման գծում հրադադարի խախտման դեպքերի ավելացման և տեղում հետագա իրական ռիսկի մասին հաղորդումներով», – ասել է նա։

Դոնբասում ռուս զինծառայողները չեն կարող համարվել խաղաղապահներ, ասել է Գուտերեշը։

«Ինձ մտահոգում է խաղաղապահ հայեցակարգի աղավաղումը, երբ մի երկրի զորքերը մտնում են մեկ այլ երկրի տարածք՝ առանց վերջինիս համաձայնության, նրանք անկախ խաղաղապահներ չեն, ամենևին էլ խաղաղապահ չեն»,- ասել է նա: Գուտերեշի խոսքով՝ ՄԱԿ-ը «լիովին հանդես է գալիս Ուկրաինայի ինքնիշխանության, քաղաքական անկախության և տարածքային ամբողջականության օգտին՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում»։

«Այս կրիտիկական պահին ես կոչ եմ անում անհապաղ դադարեցնել կրակը և վերականգնել օրենքի գերակայությունը»,- հավելել է նա։

Գուտերեշն ասել է, որ Դոնբասում տեղի ունեցողը ցեղասպանություն չի համարում։