Փակ տարածքներում դիմակի կրման պարտադիր պահանջը նախատեսվում է հանել

«Վերջին շաբաթների տենդենցը մեզ հուշում է, որ մենք գնում ենք համաճարակի կայուն նվազման»,-կառավարության այսօրվա նիստում հայտնեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նրա խոսքով՝ նախորդ օրը 4759 քաղաքացի է թեստավորվել և հաստատվել է 946 վարակի դեպք, մահացել է 24 քաղաքացի:

Առողջապահության նախարարը հայտնեց, որ Հայաստանում շրջանառվում է «օմիկրոն» շտամի Բ1 և Բ2 ենթաշտամները, իսկ «դելտա» շտամը դուրս է մղվել «օմիկրոն»-ի ազդեցության ներքո:

Նկատելով, որ արձանագրվում է «օմիկրոն» շտամի հիվանդացության նվազ խստություն՝ Ավանեսյանը շեշտեց, որ չպատվաստված և քրոնիկ հիվանդություններ ունեցող քաղաքացիների շրջանում արձանագրվում են ծանր դեպքեր:
Ավանեսյանը ասաց, որ հիվանդանոցներում հաջորդ շաբաթ մահճակալները կկրճատեն:

Նիկոլ Փաշինյանն էլ հայտնեց, որ քննարկում են դիմակների պարտադիր կրման պահանջի հանման հարցը, որը ոչ թե պարտադիր կլինի, այլ ուղղակի խորհուրդ կտան կրել:

«Վստահ ենք, որ նվազումն անշրջելի է լինելու։ Այդ կանխատեսումն արվել է վերջին շաբաթների մոնիթորինգի տվյակների հիման վրա, որը ցույց է տվել, որ հիվանդացության թիվը կայուն նվազում է։ Բացի այդ, հիմնվում են նաև այլ երկրների փորձի վրա, որտեղ նույնպես հակահամաճարակային կանոնների վերանայումներ են արվել։  Առաջիկայում ևս նվազման տենդենցը պահպանվելու է»,- ասաց նախարարը։

Նախարարի խոսքով՝ առաջիկա շաբաթում որոշ սահմանափակումներ  կվերանայվեն, բայց բժշկական հաստատություններում դիմակի պարտադիր կրման պահանջը կպահպանվի։