Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, դա կոնկրետ ադրբեջանցիների ճակատին ասվեց․ Արթուր Ղազինյան

Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներն այսօր ասուլիսի ընթացքում ամփոփեցին «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի երեկվա նիստի արդյունքները։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը հայտնեց, որ «Եվրանեսթի» բյուրոյի երեկվա նիստին քվեարակության է դրվել ընդամենը մեկ փաստաթուղթ, որը մինչ այժմ հրապարակված չէ․

«Հայաստանի պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանից որևէ կերպ հնարավոր չեղավ պարզել՝ ի՞նչ փաստաթուղթ է ի վերջո ընդունվել բյուրոյի երեկվա նիստում, և դրա վերաբերյալ ի՞նչ դիրքորոշում է հայտնել Հայաստանի պատվիրակությունը, մեկ ասում են՝ ձեռնպահ ենք քվեարկել, մեկ ասում են՝ դեմ ենք եղել»,-ասաց Ղազինյանը։

Անդրադառնալով «Եվրանեսթի» վեհաժողովի շրջանակներում ադրբեջանական պատվիրակության Երևան ժամանմանը՝ Արթուր Ղազինյանը նշեց, որ միայն այն փաստը, որ ադրբեջանցի պատգամավորները Հայաստանում են գտնվում 44-օրյա պատերազմից 1,5 տարի հետո, դա արդեն անընդունելի է․

«2012-ից մինչև երեկ նրանք բոյկոտում էին «Եվրանեսթի» շրջանակում Հայաստան այցելությունը, բայց երեկ եկել էին Հայաստան և իրենց ազատ էին զգում, նրանց տրվեց հնարավորություն վարել նիստերի մեկ սեսիա, սա վրդովեցուցիչ է։ Հաշվի առնելով պատերազմից հետո ստեղծված իրավիճակը և Հայաստանում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտը՝ ադրբեջանցիները չպետք է գային Հայաստան, իսկ եթե կար միջազգային պարտավորություն՝ ապահովել «Եվրանեսթի» բնականոն գործունեությունը, ապա նիստերը կարելի էր կազմակերպել առցանց ռեժիմով, որպեսզի ադրբեջանական պատվիրակությանը հնարավորություն չտան գալ Հայաստան, նկարվել տարբեր տեղերում, իրենց ֆեյսբուքյան էջերում նկարներ հրապարակել»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Պատգամավորն ասաց, որ նիստում խորհրդարանական ընդդիմությունը հանդես է եկել միասնական՝ ներկայացնելով Հայաստանի պետական ու ազգային շահը, Արցախի վերաբերյալ ուղերձներ հղելով Ադրբեջանի  ղեկավարությանն ու հասարակությանը։

Արթուր Ղազինյանն արձանագրեց, որ «Եվրանեսթի» վեհաժողովի ընթացքում ընդդիմությունը հստակ ուղերձներ է հղել ադրբեջանական հանրությանը և իշխող քաղաքական էլիտային․ «Արձանագրվեց այն փաստը, որ Արցախի հարցը կարգավորված չէ, որ Արցախը կա և կմնա հայկական և երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, դա կոնկրետ ադրբեջանցիների ճակատին ասվեց»,-ասաց նա։