Այսօր բոլորս Արցախում կատարում ենք Հայրենիքի պաշտպանի առաքելություն. Վիտալի Բալասանյան

Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայրենիքի պաշտպանի օրվա առիթով:

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Ի սրտե շնորհավորում եմ Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ:

Ժողովրդի կողմից ավանդաբար սիրված և մեծարվող այս տոնը մեր ժամանակներում ձեռք է բերել նոր իմաստ և նշանակություն։ Այսօր մենք բոլորս Արցախում կատարում ենք Հայրենիքի պաշտպանի առաքելություն՝ հավատալով այն խաղաղ ապագային, որը կառուցելու համար չենք խնայել ջանք ու եռանդ, հանուն որի՝ իրենց կյանքն են զոհաբերել հազարավոր քաջ հայորդիներ։

Մեր անվտանգությունն ապահովելու նպատակով Արցախում գտնվող ռուսական խաղաղապահ զորակազմին նույնպես շնորհավորում եմ Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ։ Արցախի համապատասխան պետական կառույցների և զորակազմի փոխգործակցության բարձր մակարդակը վստահություն է հաղորդում առաջացող խնդիրներին արագ ու արդյունավետ լուծումներ տալու ուղղությամբ։

Սիրելի՛ արցախցիներ,

Մաղթում եմ բոլորիս խաղաղություն, քաջառողջություն, հաջողություններ և ամենայն բարիք»։