«Ազերիշիգ» ընկերության աշխատակիցները սկսել են Լաչինի միջանցքում էլեկտրաէներգիայի մատակարարման աշխատանքները

«Հենակետ»․ Համառոտ տեղեկություններ նախորդ շաբաթվա ժամանակամիջոցում Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունների մասին

Ադրբեջանի ռազմական ոլորտին վերաբերող իրադարձություններ

Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել 2022-ի ապրիլի 1-ից մինչև ապրիլի 30-ը Ադրբեջանի քաղաքացիներին ժամկետային զինվորական ծառայության զորակոչելու և ժամկետային զինվորական ծառայության զինծառայողների պահեստ արձակելու մասին։

Ադրբեջանում նոր օրինագիծ է մշակվել ԶՈւ նյութատեխնիկական բազայի ամրապնդման մասին։ Երկրի խորհրդարանի լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունվել է «Ադրբեջանի զինված ուժերի մասին» օրենքում փոփոխությունը։

Ադրբեջանի ՊՆ-ից հայտնել են, որ 2022 թ-ի մարտական պատրաստության պլանի համաձայն՝ Ցամաքային զորքերի, այդ թվում՝ Ռազմածովային ուժերի զորամասերում և զորումիավորումներում իրականացվել են ստորաբաժանումների մարտական պատրաստության մակարդակի հանկարծակի ստուգումներ։ Իսկ ադրբեջանական բանակի ինժեներական զորքերի զորամասերում և ստորաբաժանումներում անցկացվել են գործնական պարապմունքներ։

Շաբաթվա ընթացքում Ադրբեջանի Ռազմաօդային ուժերում անցկացվել են ուսումնական թռիչքներ։ Սցենարի համաձայն՝ ՄիԳ-29 ինքնաթիռները կատարել են բարդ պիլոտաժի և մարտական մանևրների խնդիրներ՝ ցածր և միջին բարձրությունների վրա։

Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատունը հայտնել է, որ Ադրբեջանի ԶՈւ 14 զինծառայողներ ավարտել են 2021-2022 թթ․ ուսումնական շրջանը Թուրքիայում։ Նշվել է, որ դիպլոմների հանձնման արարողությանը մասնակցել են դեսպանատան ռազմական կցորդ Մուշվիգ Մամեդովը և այլ անձինք։

Արցախից գրավված տարածքներում ադրբեջանական նախագծերի մասին

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխացմամբ՝ Իլհամ Ալիևը դժգոհ է Արցախից գրավված տարածքների վերականգնման աշխատանքներում ադրբեջանական բիզնեսի ներգրավվածության մակարդակից։ Նա կոչ է արել ձեռնարկատերերին ակտիվորեն բիզնես ստեղծել այդ տարածքներում, իսկ պետական կառույցներին՝ պայմաններ ստեղծել ձեռնարկատերերի ներդրումների համար։

Ակնայի (Աղդամի) շրջան կատարած այցելության շրջանակներում Ալիևը դրել է Ակնայի «Park Forest Otel Ağdam» հյուրանոցի հիմնաքարը, ինչպես նաև մասնակցել «Աղդամ-1», «Աղդամ-2» էլեկտրաէներգայի ենթակայանների բացմանը։ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Երևանի ու Բաքվի միջև պետք է լինի խաղաղության համաձայնագիր։

Իսկ «Ջումա» մզկիթի վերակառուցման աշխատանքների ընթացքին ծանոթանալուց հետո Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե Ակնայի ճանապարհատրանսպորտային ենթակառուցվածքն ամբողջությամբ վերակառուցվում է: Նրա խոսքով՝ կառուցվում են Բարդա-Ակնա ավտոմոբիլային ու երկաթուղային ճանապարհները, ինչպես նաև իրականացվում է Վարանդա (Ֆիզուլի)-Ակնա ճանապարհի կառուցման նախագիծը:

Ադրբեջանական լրատվամիջոցները նշել են, թե «Ազերիշիգ» ընկերության աշխատակիցները սկսել են Լաչինի միջանցքում էլեկտրաէներգիայի մատակարարման աշխատանքները։ Աշխատակիցների անվտանգությունն ապահովել են ռուս խաղաղապահները։

Ադրբեջանում Ճապոնիայի դեսպան Ջունիչի Վադան հայտարարել է, թե նախատեսվում է ճապոնական ընկերությունների մասնակցությունը Արցախից գրավված տարածքներում իրականացվող նախագծերում։ Նրա խոսքով՝ անցյալ տարի մշակվել է ծրագիր՝ կանաչ էներգետիկայի գոտու ստեղծման հետ կապված։

Ադրբեջանում Հունգարիայի դեսպան Վիկտոր Սեդերկենին հայտարարել է, թե Հունգարիան պատրաստ է աջակցել Արցախից գրավված տարածքների վերականգնման աշխատանքներին: Իսկ Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ջորջ Դիկը նշել է, թե շուրջ 15 իսրայելական ընկերություններ Բաքվում Իսրայելի դեսպանատան միջոցով հայտ են ներկայացրել Ղարաբաղում իրականացվող նախագծերին մասնակցելու համար։

Թուրքալեզու երկրների խորհրդարանական վեհաժողովի քարտուղարի տեղակալ Թալգաթ Ադուովը հայտարարել է, թե կազմակերպության անդամ երկրները պատրաստ են աջակցել Ադրբեջանին Արցախից գրավված տարածքների վերականգնման հարցում։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ մեկնարկել են Արցախից գրավված տարածքների գազիֆիկացման նախագծային աշխատանքները։ «Ազերիգազ» արտադրական միավորումը հայտնել է, թե առաջին հերթին նախատեսվում է գազիֆիկացնել Շուշի և Ակնա քաղաքները։

Ադրբեջանի կրթության նախարարությունից հայտնել են, թե մեկնարկել են 960 աշակերտական տեղով Շուշի քաղաքի թիվ 1 և Ակնա քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցների շինարարական աշխատանքները։

Ադրբեջանի սեյսմոլոգիական ծառայության կենտրոնի տեղեկատվական բաժնի ղեկավար Վուսալա Ռաֆիգգըզին հայտարարել է, թե կենտրոնը նախատեսում է Արցախից գրավված տարածքներում տեղադրել 10 սեյսմիկ կայան։ Այս տարի նախատեսվում է տեղադրել չորս կայան, այդ թվում՝ մեկը Շուշիի շրջակայքում։

Իսրայելի հայկական կազմակերպությունները երկրի նախագահ Իցհակ Հերցոգին կոչ են արել ազդել Ադրբեջանի վրա՝ դադարեցնելու Ադրբեջանի հսկողության տակ անցած հայկական տարածքներում հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը։

Եվրախորհրդարանականները Դեմետրիս Պապադակիսը և Պիթեր վան Դալենը համաշխարհային հանրությանը կոչ են արել պաշտպանության տակ առնել Արցախի հայկական մշակույթը։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի մամուլի գրասենյակից, անդրադառնալով Ադրբեջանի կողմից հայկական պատմամշակութային ժառանգության շարունակական պղծման, ձևախեղման և ոչնչացման դեպքերի մասին ահազանգերին, նշել են, թե մշակութային ժառանգությունը չպետք է դառնա գործիք քաղաքական որևէ նպատակի համար։

Շաբաթվա ընթացքում Ադրբեջանը նախաձեռնել է 21 երկրների ճանապարհորդներից կազմված պատվիրակության այցը Արցախից գրավված տարածքներ։

Տարածաշրջանային նախագծերի մասին

ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին վարչության տնօրեն Միխայիլ Եվդոկիմովը հայտարարել է, թե ԵԱՏՄ-ի հետ Բաքվի երկխոսության զարգացումը ցանկացած ձևաչափով կնպաստեր առևտրի ակտիվացմանը, տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների զարգացմանը և, ընդհանրապես, օգտակար կլիներ տարածաշրջանի բոլոր պետություններին։

Փետրվարի 15-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը զանգահարել է Իլհամ Ալիևին։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը երախտագիտությունն է հայտնել Ադրբեջանին՝ Եվրոպային գազի հուսալի մատակարար լինելու և գազի արտահանումը ավելացնելու համար։

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էրլ Լիտցենբերգերը հայտարարել է, թե ԱՄՆ-ը բարձր է գնահատում Ադրբեջանին և նրա դերը որպես գազ մատակարարող և Եվրոպայի էներգետիկ անվտանգությունն ապահովող երկիր։ Նրա խոսքով, Ադրբեջանը ցույց է տվել, որ հանդիսանում է էներգառեսուրսների հուսալի մատակարար։

Ականազերծման մասին

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ փետրվարի 18-ին Ադրբեջանի Թերթերի շրջանում երկու մարդ է պայթել ականի վրա։ Դեպքը տեղի է ունեցել այն տարածքում, որտեղ ականազերծման աշխատանքներ են տարվել։