Ուկրաինայի հարցում Ռուսաստանն իրականացնում է հակամանևր. կանխատեսելի է լարվածության պարպման հեռանկարը

Ուկրաինայի շուրջ/առիթով ընթանում է ահռելի ծավալով աշխարհաքաղաքական, դիվանագիտական, տեղեկատվական-քարոզչական, հոգեբանական, նաև նյարդերի դիմակայություն։

Ինչպես բնորոշ է ցանկացած հակամարտային իրավիճակի հարցում, այս դեպքում ևս զգալի է օբյեկտիվ տեղեկատվության զգալի պակաս։

Այդուհանդերձ, տվյալ փուլում, կարծես, ականատես ենք լինում Ռուսաստանի կողմից իրավական, տեղեկատվական-քարոզչական, լոգիստիկ բնույթի հակամանևրի՝ աշխարհին ի ցույց դնելով, թե Ուկրաինան նախապատրաստվում է հարձակման Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների դեմ։ Նախաձեռնվել է բնակչության տարհանում, հայտարարվել համընդհանուր զորաշարժ, ապահովվել Ուկրաինայի հարձակման բեմականացման համար անհրաժեշտ քարոզչական ֆոն… Տրամաբանությունը պարզ է՝ ով իբր առաջինը հարձակվեց, նա է սխալը։

Իսկ իրավական հարթությունում Դոնեցկի և Լուգանսկի ճանաչման մասին փաստաթուղթն արդեն Վ. Պուտինի սեղանին է։ Սա նշանակում է, որ դիվանագիտական-իրավական այն միջավայրը, որ ցայժմ առկա է այս հիմնախնդրի առնչությամբ, կարող է հիմնովին փոխվել, ինչն աղետալի հետևանքներով է հղի նախ Ուկրաինայի, ապա Ռուսաստանի, և ինչու ոչ, նաև ամբողջ աշխարհի համար։ Անցած ամիսներին հակամարտ կողմերն արձանագրել են որոշ միջանկյալ ձեռքբերումներ և տապալումներ, որն այլ վերլուծության թեմա է։

Փաթեթավորման տեսանկյունից տեղի ունեցողն արտաքուստ համադրելի իրավիճակ է նրան, ինչ վերջին 2 ամիսներին Արևմուտքի և Կիևի կողմից իրականացվում է Ռուսաստանի դեմ՝ ամեն օր Ուկրաինա իբր ռուսական  ներխուժման հնարավորության մասին քարոզչական և ռազմաքաղաքական մանևրների տրամաբանությամբ։

Ստեղծված պայմաններում ականատես ենք լարվածության աննախադեպ աճի, որը բավականաչափ մոտ է գագաթնակետին, այսինքն՝  «պատերազմից 1 պակաս» իրավիճակի։ Այսինքն՝ կանխատեսելի է, որ եթե ոչ առաջիկա ժամերի, ապա գոնե օրերի ընթացքում պետք է տեղի ունենա լարվածության պարպում՝ կա՛մ ռազմական, կա՛մ դիվանագիտական հարթություններում։

Եվ չնայած այս պահին զարգացումներն առավելապես ռազմական և քարոզչական հարթություններում են, այնուամենայնիվ նաև չափազանց մեծ է խնդիրը դեպի դիվանագիտության տիրույթ տեղափոխելու և հաջողելու հնարավորությունը։

#դասական_հակամարտություն

Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից