Լայնածավալ պատերազմին նույնիսկ Չինաստանն է սկսել նախապատրաստվել…

Չինաստանը փաստացի պատրաստվում է լայնածավալ ռազմական գործողությունների Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, և, հնարավոր է, նաև՝ գլոբալ ցանցային պատերազմի, հայտարարել է ռուս գիտնական-սինոլոգ Նիկոլայ Վավիլով։ Նրա խոսքով, Ռուսաստանը, Ղազախստանը և հետխորհրդային այլ երկրներ այս «մեծ կորուստներով լայնածավալ պատերազմում» Չինաստանի համար կլինեն «շատ խորը թիկունք», որը պետք է ապահով լինի։ Փորձագետը վստահ է, որ Չինաստանը չի նախապատրաստում իր ցամաքային զորքերի որևէ գործողություններ Ռուսաստանի դեմ կամ նույնիսկ առանձին ռազմական շրջանների մակարդակով, որոնց թիվը Ռուսաստանի սահմանային գոտում երեքից նվազել է երկուսի։ Միևնույն ժամանակ, Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի և ԱՄՆ-ի առճակատումը, ըստ Վավիլովի, հասել է «ողբերգական մակարդակի», և այն «ինքնուրույն չի նվազելու, այլ միայն սրվելու է»։

Փորձագետի կարծիքով, հնարավոր է մի սցենար, երբ «Չինաստանի իշխանության ներքո ամերիկամետ կոմսոմոլ որոշակի խմբավորում» ձգտի բանակցել ԱՄՆ-ի հետ, որպեսզի օմիկրոնի համաճարակի, ապակայունացման այլ տեսակների միջոցով ստիպեն Սի Ծինփինին հեռանալ իր պաշտոնից, ինչպես ժամանակին ստիպել էին Ցզյան Ցզեմինին: Սակայն ավելի հավանական սցենարը, ըստ Նիկոլայ Վավիլովի, ՉԺՀ-ի ներկայիս նախագահի երրորդ ժամկետն է, որի ընթացքում ԱՄՆ-ի հետ առճակատումը կդառնա «իրական ու անխուսափելի»։

Փորձագետը ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ Չինաստանը պատրաստվում է գլոբալ առճակատման՝ ծովային և առևտրային հոսքերի վերահսկողության համար։ Նրա կարծիքով, այս առումով շատ կարևոր է Չինաստանի պատմության մեջ առաջին օտարերկրյա ռազմակայանի ստեղծումը Ջիբութիում՝ Միջերկրական ծովից Հնդկական օվկիանոս տանող ճանապարհին, ինչպես նաև Հասարակածային Գվինեայում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Հարավչինական ծովում՝ Քամբոջայի ափին լրացուցիչ բազաների ստեղծման նախապատրաստումը։

Վավիլովը, կարծես թե, մոռացել կամ միտումնավոր լռում է այն մասին, որ Չինաստանն արագորեն ռազմաբազա է կառուցում Պակիստանում։ Եվ սա շատ կարևոր միջանկյալ կետ է Եվրասիայում չինական «խաղաղ էքսպանսիայի» տարածման համար։ Պակիստանի բազան նման է Կենտրոնական Ասիայի և Անդրկովկասի նման տարածաշրջանների՝ «հարավից հարձակման» նպատակով «արձակման հարթակի»։ Այնուամենայնիվ, շարունակենք մեջբերել Ն. Վավիլովի տեսակետը։

Չինագետը Պեկինի գլոբալ պատերազմի նախապատրաստության հետ է կապել նաև ՉԺՀ-ում ռազմական թոշակառուների գործերի նախարարության հայտնվելը, ինչպես նաև պատերազմի ժամանակ երկու նոր շքանշանների ներդրումը՝ Կարմիր դրոշի և Կարմիր աստղի, որոնք ստեղծվել են խորհրդային կարգերի համանուն շքանշանների նախատիպով։ Չինաստանի պատերազմը հարավում Ռուսաստանի համար նշանակում է «հավերժ խաղաղություն արևելյան սահմանին», վստահ է Վավիլովը։ Նրա խոսքով՝ «չինական ագրեսիայի վեկտորն ուղղված է դեպի հարավ»։ Բացի այդ, սինոլոգը ՆԱՏՕ-ի հակաչինական ակտիվության աճը կապել է Արկտիկայի տարածաշրջանում հենց Չինաստանի ակտիվացման հետ, ինչը, ըստ նրա, կապված է նաև արևելյան կայսրության գլոբալ հաղորդակցական շահերի ապահովման հետ։ Նիկոլայ Վավիլովն այս առումով Արկտիկան անվանել է «կյանքի երկրորդ ճանապարհ» Չինաստանի համար՝ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հետ հնարավոր ռազմական առճակատման պայմաններում: «Գլոբալ ծովային շրջափակման շրջանակներում, Չինաստանը ստիպված կլինի լրացուցիչ ուղիներ փնտրել իր ապրանքներն ու այլընտրանքային առևտրային ուղիները մատակարարելու համար, որոնք պաշտպանված են ԱՄՆ նավատորմի ուժերից. իսկ դա Ռուսաստանի տարածքն է, Ղազախստանի երկաթուղային ցանցը, Մյանմայով, Աֆղանստանով, Պակիստանով անցնող միջանցքները, իսկ կյանքի երկրորդ ճանապարհը Արկտիկան է»,- կարծում է Վավիլովը։

Այս տողերի հեղինակը դեռևս 2014 թվականի ապրիլի 24-ին Ղազախստանում տեղի ունեցած Միջազգային մեդիա ֆորումի ժամանակ Եվրասիայի անվտանգության հարցերով հանդիպման մասնակից-մեդիատորներին ստիպել է վերակենտրոնացնել իրենց ուշադրությունը… Պաղեստինյան հիմնախնդրի և հրեա-արաբական հարաբերությունների հետ կապված՝ Իսրայելի անվտանգության հարցերից, մասնավորապես այն հարցին, որ միջազգային անվտանգության հիմնական սպառնալիքը բխում է չին-ամերիկյան հարաբերություններից։ Այսինքն, այդ թվում՝ նաև Թայվանի ապագայի հարցը։ Հետագա քննարկմանը այս տողերի հեղինակին հակադարձել են այնպիսի փորձագետներ, ինչպիսիք են Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Բարաքը, ռուս-ամերիկյան հայտնի հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզները, Կանադայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի իշխանությունների ներկայացուցիչներ և այլք։ Ինչպես կարող են նկատել ՀՀ քաղաքացիները, այսօր ռուս սինոլոգ Ն.Վավիլովը լիովին հաստատել է  2014-ին Աստանայում արտահայտած մեր մտավախությունները։ Ի դեպ, տողերիս հեղինակը նշված Միջազգային մեդիա ֆորումում Հայաստանի միակ ներկայացուցիչն էր…

Սերգեյ Շաքարյանց