«Քո առաջին գիրքը». գրքեր են նվիրել նորածին Մոնթեին, որի եղբայրը ծառայում է Հայոց բանակում

Փետրվարի 18-ին՝ Գիրք նվիրելու օրվան ընդառաջ, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի աշխատակիցները «Քո առաջին գիրքը» ակցիայի շրջանակում գրքեր են նվիրել Երևանի «Էրեբունի  բժշկական կենտրոն»-ի ծննդատնից դուրս գրվող նորածին Մոնթեին, ում եղբայրն այս պահին ծառայում է Հայկական բանակում:

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանից հայտնում են, որ ծրագիրը նպատակ ունի սերմանել գրքի նկատմամբ սեր ու հոգատարություն, կարևորել ընտանեկան ընթերցանության դերն ու նշանակությունը, վաղ տարիքից ստեղծել երեխայի անձնական գրադարանը:

Գրքերի նվիրաբերման ակցիան իրականացվել է «ՋիԷՍԷՄ» և «Էդիթ Պրինտ» հրատարակչությունների աջակցությամբ: Նվեր-փաթեթը բաղկացած էր թվով 7 երաժշտական-խոսող ու նկարազարդ գրքերից: Մայրիկին գրադարանը հանձնել է մանկական գրականության ցանկ՝ երեխաների տարիքին համապատասխան գրքեր ընտրելու հարցում օգնելու նպատակով: