Ավարտվել է Զարեհ Սինանյանի այցը Մարսել

Մարսել այցի առաջին օրվա ընթացքում գլխավոր հանձնակատարը հանդիպեց Մարսելի և տարածաշրջանի ընտրված հայ պաշտոնատար անձանց հետ, մասնավորապես Մարսելի փոխքաղաքապետ Օդրի Գաթյանի, Բուկ Բել Էյրի սոցիալական հարցերով փոխքաղաքապետ Էդմոնդ Էութեջյանի, քաղաքային խորհրդի պատվիրակված խորհրդական Էրիկ Սեմերջեանի, Մարսելի մետրոպոլի, Մարսելի տարածաշրջանային, ինչպես նաև 13-րդ և 14-րդ շրջանների խորհրդականներ Ֆրանկ Օհանեսյանի և Լորենս Սեմերջյանի և այլոց հետ։

«Ինքս էլ եղել եմ ընտրված պաշտոնյա և շատ եմ գնահատում ձեր այդ դժվար որոշումը՝ զբաղվել քաղաքականությամբ։ Հանրային ծառայությունը զոհաբերություն է, և դուք ընտրել եք այդ ճանապարհը։ Ամեն քաղաքում հիացմունք ապրեցի՝ տեսնելով, թե որքան հայ է ներգրավված քաղաքական գործընթացներում»,-նշեց գլխավոր հանձնակատարը։ Պաշտոնյաները հարցեր ուղղեցին Հայաստանում և Արցախում ընթացիկ վիճակի, մասնավորապես՝ անվտանգության խնդիրների վերաբերյալ, այնուհետ անդրադարձ կատարեցին Հայաստան-սփյուռք հարաբերություններին։ Զարեհ Սինանյանը նշեց, որ մեր գրասենյակն ապրում է այն սկզբունքով, որ մեր խնդիրները հայաստանյան կամ սփյուռքյան չեն. դրանք համահայկական խնդիրներ են։ Գլխավոր հանձնակատարը հայազգի պաշտոնյաներին սիրով հրավիրեց Հայաստան՝ քննարկելու սփյուռքի հետ աշխատանքի հայեցակարգի իրենց տեսակետները։

Անդրադարձ կատարվեց նաև երիտասարդական ծրագրերի ակտիվացմանը, Երևանի քաղաքապետարանի հետ աշխատանքի խորացմանը, միասնական քաղաքականության բացակայությանը վերաբերող հարցերին։

Երկրորդ օրվա ընթացքում Գլխավոր հանձնակատարը հանդիպեց Մարսելի քաղաքապետ Միշել Ռուբիրոլայի հետ։ «Ֆրանսահայության համար Մարսելը եղել է Ֆրանսիայի դարպասը»,-նշեց Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ շնորհակալություն հայտնելով քաղաքապետին ջերմ ընդունելության համար։ Այնուհետ Զարեհ Սինանյանը ներկայացրեց իրավիճակը Արցախում՝ նշելով, որ Հայաստանը տարածաշրջանում ձգտում է խաղաղության։ «Ցեղասպանության ճանաչման գործընթացն ուղղակի պետք է կապվի Արցախի անկախության ճանաչմանը։ Եթե չլիներ Հայոց ցեղասպանության փաստի անպատժելիությունը, ականատես չէինք լինի Արցախյան վերջին պատերազմին»։

Պատերազմի օրերին Մարսելի քաղաքապետ Միշել Ռուբիրոլան մշտապես եղել է Արցախի կողքին՝ կոչ անելով քաղաքային խորհրդին ճանաչել Արցախի անկախությունը։ Այժմ Մարսելը նախապատրաստվում է նշել Երևանի հետ քույրացման 30-ամյակը։ «Սպասում ենք առաջարկներ հայկական կողմից, որպեսզի պատշաճ և ակտիվ տոնենք այս իրադարձությունը»,-ընդգծեց քաղաքապետը։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց Երևանի քաղաքապետարանի հետ քննարկել առաջարկներն ու համատեղ շարժվել առաջ։

Զարեհ Սինանյանը հանդիպեց մետրոպոլիտենի փոխնախագահ Դիդիե Փարաքյանի հետ։ «Ողջունում եմ Ձեր այցը Ֆրանսիա։ Հանձին ինձ՝ Դուք ունեք իրական ընկեր, իրական դաշնակից»,-նշեց պարոն Փարաքյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին մետորպոլիտենի և Հայաստանի միջև համագործակցության հնարավոր ուղղությունները։

Այնուհետ Գլխավոր հանձնակատարն այցելեց Մարսելի Սրբոց Թարգմանչաց Մայր եկեղեցի և Արամ քահանա Ղազարյանի ուղեկցությամբ ծանոթացավ եկեղեցու պատմությանը։ Եկեղեցական խորհրդի ղեկավարության հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին Մարսելի հայ համայնքին առնչվող խնդիրներ։

Եկեղեցուն կից Խաչատուր Աբովյանի անվան դպրոցում Գլխավոր հանձնակատարին դիմավորեցին աղուհացով։ Զարեհ Սինանյանը շնորհակալություն հայտնեց  դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Կարեն Խուրշուդյանին և ուսուցչական կազմին նվիրյալ աշխատանքի համար։ Դպրոցն ակտիվ է եղել Արցախյան ողջ պատերազմի ընթացքում՝ կատարելով կամավորական մեծ աշխատանք համայնքում։ «Այն, ինչ դուք անում եք այստեղ, արդեն իսկ հերոսություն է։ Պատրաստ ենք դպրոցի հետ իրականանցնել նոր և հետաքրքիր ծրագրեր»,-նշեց Գլխավոր հանձնակատարը։

Այժմ դպրոցում ուսանում է 200-ից ավելի հայ աշակերտ։

Մարսել այցի ավարտին Գլխավոր հանձնակատարը հանդիպում ունեցավ համայնքի ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելով Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի գործունեությունն ու ծրագրերը։ «Այսօր մենք շարժվում ենք 2 ուղղությամբ՝ հնարավորինս խորքային և լայն ներգրավել սփյուռքին հայաստանյան գործընթացներում և ակտիվացնել հայրենադարձության գործընթացը»,-նշեց Գլխավոր հանձնակատարը։

Գրասենյակի բոլոր ծրագրերը համայնքի ներկայացուցիչների մոտ հետաքրքրություն առաջացրին, հատկապես՝ «իԳործ» ծրագիրն ու սփյուռքի պարտատոմսերի թողարկումը։