Եվրոպական 6 երկիր կոչ է արել ՌԴ-ին չճանաչել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունները

Ֆրանսիան, Գերմանիան, Իռլանդիան, Էստոնիան, Ալբանիան և Նորվեգիան ՄԱԿ-ում Ռուսաստանին կոչ են արել չճանաչել Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները՝ նշելով, որ նման քայլը հակասում է մինսկյան պայմանավորվածություններին։

«Մենք զգուշացնում ենք, որ նման քայլն էլ ավելի կխախտի Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և ուղղակիորեն կխախտի մինսկյան համաձայնագրերը»,- ասել է ՄԱԿ-ում Ֆրանսիայի մշտական ​​ներկայացուցիչ Նիկոլա դե Ռիվիերը եվրոպական վեց երկրների համատեղ հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ ՌԴ Պետդումայի պատգամավորները հավանության են արժանացրել Ռուսաստանի Կոմունիստական կուսակցության ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է դիմել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ճանաչելու Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անկախությունը։

Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների հնարավոր ճանաչումը ոտնձգություն կլիներ Ուկրաինայի ինքնիշխանության դեմ։ Այս կարծիքը երեքշաբթի հայտնել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանը Հանրապետության Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատի) արտաքին գործերի կոմիտեի նիստում:

CNN-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կոչ է արել չճանաչել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անկախությունը:

Պուտինը ի գիտություն է ընդունել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների ճանաչման մասին Պետդումայի դիմումը, սակայն նման ճանաչումը չի առնչվում Մինսկի համաձայնությունների հետ։ Այս մասին հայտնել էր ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։