Զոհված զինծառայողների եղբայրները կազատվեն պարտադիր ծառայությունից

Կառավարությունն այսօր հավանություն տվեց պատերազմում զոհված զինծառայողների եղբայրներին պարտադիր զինծառայությունից ազատելու օրինագծին։ Փոփոխությունը նախատեսվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում։

Գործող օրենսդրությամբ զոհված ծնող, եղբայր կամ քույր ունենալը, զինծառայությունից ազատվելու պարտադիր պայման է սահմանվում նաև ընտանիքի միակ արու զավակ լինելը։

Մինչդեռ կառավարությունը կարծում է, որ կան հայ-ադրբեջանական 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների կրտսեր եղբայրներ, որոնք ենթակա են պարտադիր զինվորական ծառայության, քանի որ ընտանիքի միակ արու զավակը չեն:

«Նրանցից շատերի ծնողները գտնվում են ծանր հոգեբանական և սոցիալական վիճակում, չեն ցանկանում իրենց կրտսեր որդուն ևս ուղարկել զինվորական ծառայության: Ունենալով մեծ հարգանք իրենց կյանքը հանուն հայրենիքի զոհաբերած մեր հայրենակիցների ընտանիքի անդամների նկատմամբ՝ պետք է նաև պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հնարավորություն տանք այդ ընտանիքների մյուս անդամներին, որի արդյունքում զոհված զինծառայողների ընտանիքներն ավելի հեշտ կհաղթահարեն հոգեբանական և իրենց առջև ծառացած սոցիալական խնդիրները»,– ասվում է նախագծի հիմնավորման մեջ։