Եթե այսօր մշակութային ցեղասպանության դեմ չպայքարեցինք, վաղն ուղղակիորեն կորցնելու ենք Արցախում հայկականությունը․ Գայանե Աբրահամյան

Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց բռնագաղթած արցախցիները և ՀՀ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները բողոքի ակցիա են կազմակերպել Արցախի մշակութային ժառանգության ոչնչացման Ադրբեջանի վարած քաղաքականության դեմ:

«Եթե այսօր մենք սրա դեմ չպայքարեցինք և միջազգային բոլոր հնարավոր կառույցներին՝ հիմնականում այդ հարցում պարտավորություններ ունեցող ՅՈՒՆԵՍԿՕ-ին չահազանգենք հիմնահարցը, ապա վաղը մենք ուղղակիորեն կորցնելու ենք Արցախում հայկականությունը, քանի որ ադրբեջանցիները ուզում են այնտեղից հայկակականության հետքը ջնջել և դրանով ջնջել հայկական կողմի ինքնորոշման իրավունքը Արցախում»,- հայտարարեց ակցիայի մասնակից «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոնի նախագահ Գայանե Աբրահամյանը:

Նա տեղեկացրեց, որ իրենց նախաձեռնությունը դեռևս նախորդ տարվանից նամակ էր հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայան՝ բարձրացնելով Արցախի օկուպացված տարածքներում մշակութային ժառանգության վերացման խնդիրը:

Գայանե Աբրահամյանի խոսքով՝ ՀՀ կառավարության ներկայացուցիչն էլ էր դիմել Հաագայի դատարան և ունեցել ենք պատմական նշանակության միջանկյալ վճիռ, որն Ադրբեջանին պարտավորեցնում էր բացառել մշակութային ժառանգության հուշարձանների նկատմամբ վանդալիզմի գործողությունները, ձևախեղումը, յուրացումը և պատժել նման գործողություններ կատարողներին:

«Սակայն մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը շատ ավելի սանձարձակ գործողությունների է գնում, փոխում է մարտավարությունը և խնդիրը տանում է այլ դաշտ՝ իրեն դուրս բերելով իրավական դաշտից»,- նկատեց Աբրահամյանը և լկտի սուտ որակեց Ադրբեջանի այն հայտարարությունները, թե դարերով Արցախում առկա հայկական մշակութային ժառանգությունը հայերինը չէ:

Նա մտավախություն հայտնեց, որ եթե նպատակային գործողություններ չարվեն, ապա տարիներ շարունակ Ադրբեջանի առաջ տարած այդ ստին, հնարավոր է, որ արդեն հնարավոր չլինի հակազդել: