Մայդանում հնչել է ԽՍՀՄ հիմնը

Կիևից Reuters գործակալության հեռարձակման ժամանակ հնչել է Խորհրդային Միության օրհներգը, տեսանյութը հրապարակվել է լրատվամիջոցի YouTube-ի ալիքում։ Գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Բրիտանական տաբլոիդները նախօրեին խոսել էին «Ուկրաինա ներխուժելու» ժամանակի մասին. իբրև թե դա տեղի կունենա չորեքշաբթի օրը տեղական ժամանակով առավոտյան ժամը երեքին։ Կրեմլը հեգնանքով մեկնաբանել է այս տեղեկությունը, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն առաջարկել է ուկրաինացիներին դրա համար զարթուցիչը լարել։

Reuters-ը ուղիղ հեռարձակում է սկսել Ուկրաինայի մայրաքաղաքից՝ «Կիևի մայդանի տեսարան ռուս-ուկրաինական ճգնաժամի ֆոնին» վերնագրով: Հեռարձակման նկարագրության մեջ ասվում է, որ Ռուսաստանը զորքերը դուրս է բերում Ուկրաինայի հետ սահմանից, սակայն «Արևմուտքն ասում է, որ դեռ ապացույցներ չի տեսել»։

Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները վերջին ամիսներին ավելի են սրվել։ Վաշինգտոնն ու Բրյուսելը Մոսկվային մեղադրում են Ուկրաինա «ներխուժում» նախապատրաստելու մեջ և այս ֆոնին ուժեղացնում են իրենց ներկայությունը Արևելյան Եվրոպայում։