Ոսկեպարում ոչ մի շրջանցիկ, այլընտրանքային ճանապարհ չի կառուցվում․ վարչական ղեկավար

Ոսկեպարում ոչ մի շրջանցիկ, այլընտրանքային ճանապարհ չի կառուցվում։ Այս մասին 24News-ին ասել է Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար բնակավայրի վարչական ղեկավար Իշխան Ամալյանը՝ անդրադառնալով այս թեմայով ավելի վաղ տարածված տեղեկություններին։

«Ես չեմ կարող նախատեսողների տեղն ասել, նախատեսվո՞ւմ է, թե ոչ, առայժմ նման բան չի կատարվում», – ասել է Ամալյանը։

Ոսկեպարի ղեկավարն ասաց, որ ադրբեջանական կողմից բնակավայրի ուղղությամբ որևէ կրակոց չկա։ «Ոչ մի պանիկա չկա, ապրում ենք նույն ձևով։ Առաջներում եղել են կրակոցներ, բայց հիմա չկան, ո՛չ միջադեպ, ո՛չ կրակոց»,- եզրափակել է Իշխան Ամալյանը։

Ոսկեպար տեղակայված է Տավուշի մարզի հյուսիս-արևելքում` հայ-ադրբեջանական շփման գծի անմիջական հարևանությամբ։ Գյուղից հյուսիսում ընկած է Բաղանիս, հարավում՝ Աճարկուտ, հարավ-արևելքում՝ Կիրանց գյուղերը։ Ոսկեպար գյուղից էլ Ադրբեջանը 44-օրյա պատերազմից հետո ցանկանում է հատվածներ պոկել՝ պնդելով, որ դրանք ադրբեջանական են։

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն էլ ասել է, որ չունի նման տեղեկատվություն։ «Համենայնդեպս նման [այլընտրանքային ճանապարհ կառուցելու վերաբերյալ] քննարկում ինձ հետ չի եղել»,- ընդգծել է նա։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից այս թեմայով տեղեկություն փոխանցելու համար խնդրեցին հարցում ուղարկել։

Ավելի վաղ «Փաստինֆո» կայքը գրել էր, թե ՏԿԵ նախարարությունը չի հերքել, որ Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում այլընտրանքային ճանապարհներ են կառուցվելու, և որ գերատեսչությունը պաշտոնապես խուսափում է ասել, թե քանի ուղղությամբ են կառուցվելու նոր ճանապարհները և քանի կմ։