Պետդուման դիմել է Պուտինին՝ կոչ անելով ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը

Ռուսաստանի Դաշնության Պետական դուման երեքշաբթի ձայների մեծամասնությամբ կողմ է քվեարկել, որպեսզի դիմեն նախագահ Վլադիմիր Պուտինին՝ առաջարկելով ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունները։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։

Օրինագիծը Պետդումայի օրակարգ էր մտել Կոմունիստական կուսակցության խմբակցության առաջարկով։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հարաբերությունները շարունակում են ծայրահեղ լարված մնալ։ Արևմտյան երկրներն ու Կիևը միաբերան պնդում են, որ Մոսկվան ռազմական գործողություններ է նախապատրաստում ընդդեմ Ուկրաինայի։

ՌԴ-ում, սակայն, կտրականապես հերքում են այդ հայտարարությունները՝ նշելով, որ Արևմուտքը զբաղված է տեղեկատվական ահաբեկչությամբ, հավելելով, որ պաշտոնական Կիևն է նախապատրաստում ռազմական գործողություններ Դոնբասում՝ ընդդեմ Դոնեցկի և Լուգանսկի չճանաչված հանրապետությունների։

Վերջին մի քանի օրվա ընթացքում արևմտյան մի շարք երկրներ՝ այդ թվում և ԱՄՆ-ը, կոչ են արել իրենց քաղաքացիներին անմիջապես լքել Ուկրաինայի տարածքը, ինչպես նաև տարհանել են դիվանագետների մեծ մասին և նրանց ընտանիքներին։