Թուրքիան առաջին տեղում է երիտասարդների շրջանում դեպրեսիայի տարածվածության ցուցանիշով

Աշխարհի 26 երկրներում, այդ թվում՝ Թուրքիայում, անցկացված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Թուրքիայում ապրող երիտասարդները խոր դեպրեսիա են ապրել՝ համեմատած այլ երկրների երիտասարդների հետ։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնել է թուրքական artigercek.com-ը:

26 երկրներում 99.689 երիտասարդների հետ հարցազրույցի միջոցով անցկացված հետազոտության մեջ երիտասարդների վրա կորոնավիրուսի ազդեցությունն ուսումնասիրող գիտնականները բացահայտել են, որ ամենածանր դեպրեսիա ունեցող երիտասարդները Թուրքիայինն են:

Հետազոտությունն իրականացրած սոցիոլոգ Սառա Վան դե Վելդեն հայտարարել է, որ Թուրքիայում ուսանողներն արդեն բախվում են ներկայիս քաղաքական անկայունության և անկումային տնտեսական պայմանների հետ։

«Թուրքիան այն երկրների թվում էր, որտեղ կառավարությունը Covid-19-ի ժամանակաշրջանում նվազագույն ֆինանսական օգնություն է տրամադրել իր քաղաքացիներին, և եղել է Եվրոպայում երիտասարդների գործազրկության մակարդակի ամենամեծ աճը գրանցած երկրներից մեկը», – շեշտեց նա։

Հետազոտության մեջ առաջին տեղը զբաղեցրած Թուրքիայից հետո երիտասարդների շրջանում դեպրեսիայի տարածվածությամբ երկրորդ երկիրը Հարավային Աֆրիկան է։