Այդ շինությունն անվերահսկելի ռիսկեր է ստեղծում իր տեսակի մեջ միակ գիտաարտադրական կենտրոնի համար. ԳԱԱ

ՀՀ ԳԱԱ-ն հայտարարություն է տարածել․ «Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը և ՀՀ ԳԱԱ «Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ-ը վերահաստատում են իրենց դիրքորոշումն առ այն, որ դեմ են բազմաբնակարան շենքի կառուցմանը ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տարածքում գտնվող ջրավազանի տեղում։

Այդ շինությունն անվերահսկելի ռիսկեր է ստեղծում ՀՀ-ի համար ռազմավարական նշանակություն ունեցող, իր տեսակի մեջ միակ, գիտաարտադրական կենտրոնի բնականոն գործունեության ու զարգացման համար։

Հայաստանի տնտեսական զարգացումն ու անվտանգությունն ուղղակիորեն կապված են բարձր տեխնոլոգիաների, այդ թվում՝ քիմիայի և հարակից գիտությունների խթանման հետ։ Ուստի, ակադեմիական գիտական հաստատությունների պահպանումն ու շեշտակի զարգացումն անհրաժեշտություն է», նշված է հայտարարության մեջ։