Պարսից ծոցի տաք ջրեր մուտք գործելու ռուսական վաղեմի երազանքը շուտով կարող է իրականանալ

Թեև աշխարհում շարունակվում է Ուկրաինայի շուրջ Արևմուտքի հիստերիան, ինչի պերճախոս վկայությունն է այն, որ ԵՄ անդամ երկրները մեկը մյուսի հետևից հանդես են եկել զգուշացումներով իրենց քաղաքացիներին` շտապ հեռանալ Ուկրաինայից, այնուամենայնիվ, Արևմուտքի ուշադրությունը Իրանի և Ռուսաստանի հարաբերություններին ոչ մի րոպե չի թուլանում։ Եվ դա հասկանալի է. Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի Մոսկվա կատարած այցից հետո համաշխարհային հանրությունն ակնկալում է Իրանի և Ռուսաստանի իշխանությունների միջև համագործակցության և փոխգործակցության խորացման նոր փուլ։

Ամերիկյան «The National Interest» ամսագրի փետրվարի 4-ի մեկնաբանությունում ասվում է, որ Իրանը և Ռուսաստանը, որպես ԱՄՆ պատժամիջոցների ենթարկված երկու երկրներ, ձգտում են խաթարել նավթադոլարի գերակայությունը համաշխարհային ֆինանսների և առևտրի ոլորտում: Այս մասին խոսակցությունները, ինչպես նաև այն մասին, թե Չինաստանը պատրաստ է այդ ոլորտում համագործակցել Իրանի և Ռուսաստանի հետ, շարունակվում են բավականին երկար՝ առնվազն 20 տարի։ Սակայն Ռաիսիի Մոսկվա կատարելիք այցից առաջ ամերիկյան ԶԼՄ-ները հակված էին կատակելու Իրանի և Ռուսաստանի ազդանշանների մասին, թե աշխարհում կան ուժեր, և անհրաժեշտ է ոչնչացնել դոլարի թելադրանքը համաշխարհային շուկայում: Թեման հետաքրքիր է և փոխկապակցված մեր մոլորակի աշխարհաքաղաքական գործընթացների հետ։ Ուստի որոշեցինք, Հայաստանի քաղաքացիներին ներկայացնել, թե ինչ է մտածում ամերիկյան «The National Interest» ամսագիրը՝ Իրանի և Ռուսաստանի մտադրությունների համընկնման մասին։ Ստորև ներկայացնում ենք մի հատված այս հոդվածից:

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի վերջերս Մոսկվա կատարած այցի ընթացքում մի շարք համաձայնագրեր են ստորագրվել ռուսական նավթագազային ընկերությունների հետ՝ նավթավերամշակման գործարանների կառուցման և տեխնոլոգիաների ու սարքավորումների փոխանցման վերաբերյալ։ Վլադիմիր Պուտինը դարձավ Ռուսաստանի առաջին նախագահը, ով այցելեց Իրան՝ 1943 թվականին Իոսիֆ Ստալինի այցից հետո։ 2007 թվականից ի վեր Պուտինը երկու անգամ մեկնել է Թեհրան՝ մասնակցելու Մերձկասպյան երկրների գագաթնաժողովին, և յուրաքանչյուր այցի ժամանակ հանդիպել է Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի հետ։ 2007 թվականին այաթոլլահ Խամենեին Պուտինին ասել է, որ «ուժեղ Ռուսաստանը բխում է Իրանի շահերից», ինչին Պուտինը պատասխանել է, որ «ռուս ժողովրդի շահերը կայանում են միջազգային ասպարեզում ուժեղ և ազդեցիկ Իրանի մեջ»։

Մինչև 1979 թվականի հեղափոխությունը, ԱՄՆ-ը ամբողջությամբ գերիշխում էր իրանական քաղաքականության վրա: Հեղափոխությունից հետո և Իրանի դեմ Սադամ Հուսեյնի երկարատև պատերազմի ժամանակ և՛ Վաշինգտոնը, և՛ Մոսկվան ակտիվորեն աջակցում էին Իրաքի ներխուժմանը Իրան: Սակայն իրանա-իրաքյան պատերազմից հետո Մոսկվան փոխել էր իր քաղաքականությունը Իրանի նկատմամբ և ձգտել է բարեկամություն հաստատել, մինչդեռ ԱՄՆ-ը և Արևմուտքը թշնամաբար էին տրամադրված Իրանի նկատմամբ: Թեհրանի և Մոսկվայի միջև լարվածության թուլացումը լուրջ հետևանքներ ունեցավ տարածաշրջանի աշխարհաքաղաքականության վրա։ Այաթոլլահ Խամենեին հստակ հասկացրել է, որ «Թեհրանն ու Մոսկվան պետք է ակտիվացնեն համագործակցությունը՝ ԱՄՆ-ին մեկուսացնելու և Մերձավոր Արևելքում կայունացման համար»: Արդյունքում Թեհրանը և Մոսկվան իրենց քաղաքականությունն Արևմտյան Ասիայում ուղղորդել են ԱՄՆ-ին մեկուսացնելու ուղղությամբ։ Թեհրանի և Մոսկվայի լայնածավալ աջակցությունը կանխել է Բաշար ալ-Ասադի կառավարության տապալումը, իսկ ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները աջակցել են Սիրիայում Բաշար ալ-Ասադին տապալելուն ուղղված պատերազմին:

Կան բազմաթիվ ոլորտներ, որտեղ Իրանն ու Ռուսաստանը կարող են ընդհանուր լեզու գտնել։ Պարզաբանելու համար, երկու կողմերն էլ պայքարում են ծայրահեղական խմբավորումների դեմ, ինչպիսիք են ԴԱԻՇ-ը և «Ալ-Քաիդան», երկուսն էլ դատապարտում են Միացյալ Նահանգների կեղծավորությունը մարդու իրավունքների, ահաբեկչության և միակողմանի գործողությունների նկատմամբ, երկուսն էլ պայքարում են ԱՄՆ պատժամիջոցների դեմ և հույս ունեն տապալել նավթադոլարի գերիշխանությունը համաշխարհային ֆինանսների և առևտրի ոլորտում: Տնտեսական հարթության վրա աշխարհագրական հարևանությունը և տարանցիկ կապերը, հավանաբար, կուժեղացնեն երկու երկրների միջև առևտուրն ու բիզնեսը: Ինչ-որ կերպ կվերականգնվի Հյուսիս-Հարավ առևտրային միջանցքը, որն անցնում է Կովկասի պատմական քաղաքներով, Պարսից ծոցով և Հնդկաստանով։ Պարսից ծոցի տաք ջրեր մուտք գործելու ռուսական վաղեմի երազանքը շուտով կարող է իրականանալ։

Այնուամենայնիվ, Իրանի և Ռուսաստանի միջև կան նաև տարաձայնություններ որոշ հարցերում։ Օրինակ՝ Ռուսաստանը սերտ կապեր ունի Իսրայելի հետ, մինչդեռ Իրանը Իսրայելին թշնամի է համարում։ Ռուսաստանը նաև ձգտում է Թուրքիային և Սաուդյան Արաբիային հեռացնել ԱՄՆ-ից։ Իրանը շատ ավելի զսպվածություն է ցուցաբերում Թուրքիայի նկատմամբ։ Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին ընդգծում է, որ նախագահ Էբրահիմ Ռաիսիի այցը Մոսկվա «շրջադարձային» է երկու երկրների հարաբերություններում։ «Իրանցիները նախանձում են ցարական Ռուսաստանին, բայց այսօրվա Ռուսաստանը տարբերվում է ցարական Ռուսաստանից,- ասել է պարոն Ջալալին՝ հավելելով, – Ռուսաստանը դեմ է Արևմուտքին, իսկ Պուտինը և նրա ամենամոտ գործընկերները դրական են վերաբերվում Ռաիսիի նախագահությանը: Այսօր Իրանը գործ ունի «Սպիտակ ցարի» հետ (այսօրվա Ռուսաստանը), որը տարբերվում է «Կարմիր ցարից» (հին Ռուսաստան)»։ Պուտինի հետ հանդիպման ժամանակ նախագահ Ռաիսին ասել է. «Թեհրանի և Մոսկվայի միջև հարաբերությունները գտնվում են ռազմավարական կապերի ճանապարհին», – ամփոփում է իր ուսումնասիրությունը «The National Interest» ամսագիրը:

Մեր կոչը Հայաստանի քաղաքացիներին հետևյալն է. եթե չեք լսում երևանաբնակ իրանագետ փորձագետներին, ապա հիշեք, թե որքան լրջորեն ԱՄՆ-ը սկսել է  վերաբերվել իրանա-ռուսական ռազմավարական հարաբերությունների և իրենց փոխգործակցության ամրապնդմանն և խորացմանը։

Սերգեյ Շաքարյանց