ԱՄՆ-ը սկսել է Կիևից բոլոր պետական ծառայողներին երկու օրում հետ կանչելու նախապատրաստությունը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պատրաստվում է երկու օրվա ընթացքում Կիևից դուրս բերել ամերիկյան ամբողջ անձնակազմին, հայտնում է CBS News-ը՝ վկայակոչելով քաջատեղյակ աղբյուրները։

«Բայդենի վարչակազմը պատրաստվում է առաջիկա 24-48 ժամում Կիևից դուրս բերել ԱՄՆ-ի ողջ անձնակազմին»,- ասվում է ալիքի «Թվիթերում» հրապարակված հաղորդագրության մեջ։

Պետդեպարտամենտը շաբաթ օրը հրաման է արձակել՝ լքել Ուկրաինան ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների մեծամասնության համար՝ անվտանգության իրավիճակի լարվածության պատճառով։

«2022 թվականի փետրվարի 12-ին Պետդեպարտամենտը հրամայել է Ուկրաինայից հեռանալ Կիևում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների մեծ մասին՝ Ռուսաստանի կողմից ռազմական գործողությունների շարունակական ռիսկի պատճառով»,- ասվում է շաբաթ օրը Պետդեպարտամենտի հյուպատոսական գործերի բյուրոյի կայքում հրապարակված փաստաթղթի մեջ։

ԱՄՆ նախագահի օգնական Ջեյք Սալիվանը նաև հորդորել է Ուկրաինայում գտնվող ամերիկացի բոլոր քաղաքացիներին՝ արագ լքել երկիրը և զգուշացրել է, որ «ամերիկյան ռազմական տարհանման հեռանկար չկա» նրանց համար, ովքեր կնախընտրեն մնալ։

Նրա խոսքով, «Ուկրաինայի շուրջ ռուսական ուժերի կուտակումը» վերջին մի քանի օրվա ընթացքում վկայում է այն մասին, որ Ռուսաստան «ներխուժումը» կարող է սկսվել «ցանկացած պահի»։

«Վերջին 10 օրվա ընթացքում մենք տեսել ենք ռուսական ուժերի կուտակման կտրուկ արագացում և այդ ուժերի տեղաբաշխումն այնպես, որ նրանք կարող են ռազմական գործողություններ սկսել, ըստ էության, ցանկացած պահի», – ասել է Սալիվանը կիրակի օրը CBS News-ին տված հարցազրույցում։ Գրում է «Ինտերֆաքսը»:

Ավելի վաղ Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատունը «Թվիթերում» հայտնել էր, որ Պետդեպարտամենտը կարգադրել է այն դիվանագետներին, ովքեր կարևոր պաշտոններ չեն զբաղեցնում, լքել Կիևում գտնվող դեսպանատունը։