Սպիտակի երկրաշարժից հետո սա ամենաուժեղ ցնցումն էր տարածաշրջանում․ Սոս Մարգարյան

Հայաստանում փետրվարի 13-ին տեղի ունեցած երկրաշարժից հետո գրանցվել է 165 հետցնցում, որից ամենաուժեղը 3 մագնիտուդ է եղել։ Սպիտակի երկրաշարժից հետո սա ամենաուժեղ ցնցումն էր տարածաշրջանում: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ–ի տնօրեն Սոս Մարգարյանը։

Նրա խոսքով` հետցնցումները բնորոշ են նման երկրաշարժերին: Մասնագետը հիշեցրեց, որ նախորդ տարի օգոստոսին նույն էպիկենտրոնում` Ջավախքի ընդարձակման գոտում, տեղի ունեցած երկրաշարժի առաջին օրը գրանցվել էր 69 հետցնցում, իսկ 40–րդ օրը հետցնցումների թիվը հասել էր 223-ի։

«Փետրվարի 13-ին  գրանցված 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո ամենաուժգինն էր, քանի որ մագնիտուդը բարձր էր, շատերն են զգացել և վախեցել։ Եթե նախորդ տարվանից հաշվենք, մինչ այժմ տեղի ունեցած բոլոր երկրաշարժերը ուժեղ չեն եղել։ Բայց այս անգամ գրանցվել է 5.2 մագնիտուդ, որը  համարվում է չափավոր ուժեղ և շատ հավանական է, որ երեկվա երկրաշարժի հետցնցումները տևեն մի փոքր ավելի»,–ասաց Մարգարյանը։

Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին ժամը 22:25-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.19⁰ և արևելյան երկայնության 43.97⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան` Բավրա քաղաքից 13 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.4 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզում 6-7 բալ, Լոռու մարզում 5-6 բալ, Արագածոտնի, Տավուշի, Կոտայքի, Արմավիրի մարզերում 4-5 բալ ուժգնությամբ և Երևան քաղաքում 3 բալ ուժգնությամբ:

ԱԻՆ տեղեկացմամբ  ԱԻՆ ՓԾ ստորաբաժանումները երկրաշարժից վնասների 10 դեպքով արձագանքում են իրականացրել։