Գեղասահքի Կարապետյան-Սենեկալ պարային զույգն Օլիմպիական խաղերում 18-րդն է

Պեկինի ձմեռային օլիմպիական խաղերի գեղասահքի պարային զույգերի մրցաշարն ավարտվել է: Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ գեղասահքի պարային զույգը նախ հաղթահարեց որակավորման փուլի արգելքը, գրավեցին 19-րդ տեղը ու համալրեցին 20 ընտրյալների շարքը, գրում է ՀԱՕԿ-ը։

Զույգն ազատ ծրագրում ստացավ 101․16 բալ, որը 16-րդ արդյունքն էր 20 մասնակիցների մեջ, իսկ կարճ և ազատ ծրագրերում ընդհանուր հավաքեց 167․03 միավոր և զբաղեցրեց 18-րդ տեղը։

«Առավել տպավորիչ էր Հայաստանի ներկայացուցիչների երկրորդ՝ ազատ ծրագրով մրցելույթը: Այն ավելի դիտարժան էր, կատարումները՝ սինխրոն, միմյանց հաջորդող անցումները՝ սահուն, գումարած նրանց հաճելի, գրավիչ, գեղեցիկ  տեսքը, որը նույնպես կարևորվում է մարզաձևում: Ասենք, որ նրանք նաև  մեկ աստիճանով բարելավեցին նախնական փուլում իրենց ցույց տված արդյունքը և  գրավեցին 18-րդ տեղը»,- նշում է ՀԱՕԿ-ը։

Առաջին եռյակում տեղ գտան հաջորդաբար Գաբրիելա Պապադակիս-Գիյոմ Սիզերոն /Ֆրանսիա/, Վիկտորիա Սինիցինա – Նիկիտա Կացալապով /Ռուսաստան/, Մեդիսոն Հաբել – Զաքարի Դոնոհյու /ԱՄՆ/ զույգերը։