Դատավոր Արմեն Դանիելյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել

NEWS.am-ի տեղեկություններով՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ։

Կարգապահական վարույթ հարուցելու միջնորդություն է ներկայացրել Սիսիանի նախկին համայնքապետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի պաշտպանը։

Ըստ միջնորդության՝ դատավորն Արթուր Սարգսյանին կալանավորել է, չծանուցելով պաշտպանության կողմին, առանց մեղադրյալին և պաշտպաններին լսելու։ Ըստ պաշտանների՝ դատավորը կայացրել է ակնհայտ ապօրինի դատական ակտ։

Արթուր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016 թվականի հոկտեմբերի 7-ից զբաղեցնելով ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնը, հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող գործադիր մարմնի, համայնքապետարանում կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որի հետևանքով Սիսիան համայնքի իրավունքներին ու օրինական շահերին պատճառվել է էական վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև շահադիտական նպատակով և անձնական այլ դրդումներով կեղծել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող՝ աշխատանքների կատարված լինելու հանգամանքը փաստող կատարողական ակտը: