Զախարովան Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հռետորաբանությունը պատերազմի քարոզչություն է անվանել

Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ կապված իրենց գործողություններում ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան օգտագործում են մի գործիք, որը պահել են սառը պատերազմից ի վեր։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Խոսքը 1966 թվականի դեկտեմբերի 16-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 2200 A (XXI)՝ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի ընդունման ժամանակ երկու երկրների կողմից արված վերապահումների մասին է։ Վերապահումները վերաբերում էին փաստաթղթի 20-րդ հոդվածի առաջին պարբերությանը, որով հայտարարագրվում է պատերազմի բոլոր տեսակի քարոզչության օրենքով արգելելու անհրաժեշտությունը։

Կատարված պարզաբանումներով Լոնդոնը և Վաշինգտոնը երաշխավորեցին, որ չեն ներմուծի որևէ օրենսդրություն, ինչպես պահանջում է Պակտը։ Բազմաթիվ այլ երկրներ, այդ թվում՝ ԽՍՀՄ-ը, իսկ ավելի ուշ՝ Ռուսաստանը, իրենց հերթին կամավոր պարտավորվել են չզբաղվել պատերազմի քարոզչությամբ։

«Պակտն ընդունվել է Սառը պատերազմի գագաթնակետին, և դրա խնդիրն էր ոչ միայն պաշտպանել մարդու իրավունքները, այլև մարդկությանը հեռացնել այն անդունդից, որտեղ նրան մղեց ՆԱՏՕ-ի երկրների ռազմական հռետորաբանությունը այդ տարիներին», – ընդգծել է Զախարովան  իր թելեգրամյան ալիքում։

Նա նշել է, որ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան իրենց չեն զրկել «լուցկին խոտի դեզին մոտեցնելու» հնարավորությունից և այժմ ակտիվորեն օգտագործում են այն։ Ըստ ԱԳՆ ներկայացուցչի, երկրների գործողությունները պատերազմի քարոզչություն են, երբ ագրեսիվ հռետորաբանության հետևում կանգնած է Կիևին զենք մատակարարելը, Ուկրաինա ռազմական հրահանգիչների ուղարկումը և ՆԱՏՕ-ի զորավարժությունները Ռուսաստանի Դաշնության սահմանների մոտ։ Այս ամենին աջակցում են ազգային լրատվամիջոցները և հիստերիա են սերմանում պետությունների բնակչության շրջանում։