Այսօր սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի տոնն է

Այսօր, ըստ Հայ առաքելական սուրբ եկեղեցու ավանդության, նշվում է երիտասարդների հովանավոր և սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի տոնը:

Տոնը շարժական է, նշվում է Սուրբ Զատկից 63 օր առաջ։

Սուրբ Սարգիս զորավարի տոնը Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ հայրապետի օրհնությամբ հռչակվել է Երիտասարդների օրհնության օր:

Ավանդազրույցի համաձայն՝ Սուրբն իր որդու՝ Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի։ Կոստանդիանոս կայսրը, ով նույնպես համարվում է Հայ Առաքելական Եկեղեցու սրբերից, նկատելով Ս. Սարգսի արիությունը, կարգում է նրան հարևան Կապադովկիայի իշխան և սպարապետ։

Սուրբ Սարգսի տոնը Հայաստանում նշում են ոչ միայն եկեղեցական ծեսով և աղոթքներով, այլև ժողովրդական ավանդույթներով: Ս. Սարգսի տոնի ուրբաթ գիշերը, նորահաս երիտասարդները աղի բլիթ են ճաշակում, ակնկալելով, որ երազում կտեսնեն իրենց ապագա փեսացուին կամ հարսնացուին։

Ընդունված է եղել նաև տան տանիքին կամ պատշգամբում փոխինդ դնել և սպասել, թե երբ Ս. Սարգիսը կթողնի իր ձիու պայտի հետքերը։ Ըստ ավանդույթի՝ այն մարդը,  ում շաղ տված ալյուրի կամ փոխինդի  միջով կանցնի սուրբը, նրան սպասվում է մեծ հաջողություն։

Ու հետաքրքիրն այն է, որ չնայած դարեր են անցել, բայց այս գեցեցիկ ավանդույթը ոչ միայն չի կորցրել իր ուժը, այլև կարողացել է ավելի շատ երիտասարդների ոգեշնչել և համախմբել տոնի շուրջ:

Հիշեցնենք, որ այս օրը շատ հավատացյալներ այցելում են Ս. Սարգիս զորավարի անունը կրող եկեղեցիներ՝ մասնակցելու այդ օրը մատուցվող պատարագին և ստանալու նրա բարեխոսությունը:

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին