Իսրայելը «բողոքում է» Ռուսաստանից, ՌԴ-ը պահանջում է ԱՄՆ-ի և Թուրքիայի զորքերը հեռացնել Սիրիայից

Կրկին բազմաչարչար Սիրիան դառնում է «հարաբերություններ պարզելու» տարածք: Վերջին մի քանի իրադարձություններ դա են վկայում․ Իսրայելը վերսկսել է օդային և հրթիռային հարձակում-հարվածները Սիրիայի վրա, ավերվել է համալսարանը, ինչի պատճառով չեղարկվել է այս համալսարանի ուսանողների քննական շրջանը, ԱՄՆ-ը սկսել են ռմբակոծել Սիրիան և հավելյալ զորքեր են մտցնում այդ երկիր, Թուրքիան ուժեղացրել է սիրիական քրդերի գնդակոծությունները և այլն։

Ռուսաստանը վերջապես Սիրիայի հարցում «լռության ուխտից» դուրս եկավ և միացավ Իրանի ու սիրիական կառավարության պահանջներին։ Եվ դա պատահական չէ. մենք արդեն տեղեկացրել ենք ՀՀ քաղաքացիներին, որ օրերս լիբանանյան «Հեզբոլլահ» կուսակցության առաջնորդ շեյխ Հասան Նասրալլահը բացահայտ մեղադրել է Արևմուտքին՝ Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումը վերակենդանացնելու փորձի մեջ։ Մեր կարծիքով, հենց այս ազդանշաններն են ի վերջո ազդել Մոսկվայի վրա. Ռուսաստանում բոլոր բանիմաց մարդիկ հասկանում են, որ Մերձավոր Արևելքում հակաահաբեկչական պատերազմի նոր փուլը կարող է միջոց հանդիսանալ, որպեսզի Արևմուտքը ևս մեկ անգամ փորձի Ռուսաստանին «հեռացնի» Ուկրաինայից և Կովկասից։

Փետրվարի 9-ին Ռուսաստանը դատապարտել է իսրայելական հարվածները Սիրիայի տարածքին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։ Սիրիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Եֆիմովն այս գործակալությանը տված հարցազրույցում ասել է. «Սիրիայի տարածքին իսրայելական հարվածները՝ ցանկացած, անկախ վայրից, ժամանակից, բացարձակապես անօրինական են միջազգային իրավունքի տեսանկյունից։ Նման հարձակումները հանգեցնում են մարդկային զոհերի, պատճառում նյութական լուրջ վնասներ, ոտնահարում են ՍԱՀ-ի ինքնիշխանությունը, վտանգ են ներկայացնում միջազգային քաղաքացիական օդային երթևեկության համար և, ընդհանրապես, ավելի են սրում առանց այն էլ ծանր ռազմաքաղաքական իրավիճակը։ Ռուսաստանը խստորեն դատապարտում է Իսրայելի օդային հարձակումները Սիրիայի դեմ և կոչ է անում դադարեցնել դրանք։ Հետևողականորեն և տարբեր մակարդակներով մենք այս դիրքորոշումը հասցնում ենք Արևմտյան Երուսաղեմին»։ Ուշադրություն դարձնենք. ռուս դիվանագետի խոսքերը նշանակում են, որ Մոսկվան շարունակում է ճանաչել Արևելյան Երուսաղեմը որպես Պաղեստինի մաս, ոչ թե Իսրայելի… Եվ դա խորհրդանշական է. թեև տեղին է նաև հարցը՝ արդյո՞ք Եֆիմովի խոսքերը նշանակում են, որ Ռուսաստանը հոգնել է նաև սիոնիստների ամբարտավան և անսկզբունքային «խաղերից» Անդրկովկասում։

Նույն հարցազրույցում դեսպան Եֆիմովը մեկնաբանել է Սիրիայում ԱՄՆ ռազմական ներկայությունը. «Նախ, կկրկնեմ այն, ինչ բազմիցս ասվել է՝ Սիրիայում այսպես կոչված «միջազգային կոալիցիայի» ուժերի ներկայությունը՝ Միացյալ Նահանգների գլխավորությամբ, իրավական հիմքեր չունի՝ ի դեմս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումների կամ սիրիական օրինական իշխանությունների համաձայնության, և պետք է անհապաղ դադարեցվի։ Ավելին, ԱՄՆ-ը ակնհայտորեն չի հաղթահարում Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի խնդիրը։ Բացի Անդր-Եփրատից, լուրջ մտահոգության տեղիք է տալիս ևս մեկ «գորշ գոտի», որն առաջացել է ամերիկացիների թեթև ձեռքով արդեն ՍԱՀ-ի հարավում՝ Էթ-Թանֆա գոտին է, որտեղ անպատժելիության և ամենաթողության մթնոլորտում գործում են «Մագավիր Աս-Սաուրայի» զինյալները, այդ թվում՝ կանխելով այնտեղ գտնվող ներքին տեղահանվածների Ռուկբան ճամբարում վաղուց ուշացած վերաբնակեցումը: Այլ կերպ ասած՝ ահաբեկիչները բաժանվում են «վատերի» և «լավերի», նրանցից շատերը ստանում են «երկրորդ կյանք»՝ շարունակելով կուտակել ներուժ և արմատականացնել խաղաղ բնակչությանը։ Եվ որքան երկար մնան այստեղ ամերիկացիները, այնքան ավելի հզոր կարող է դառնալ նրանց տեղադրած ժամային ռումբը: Էլ չենք խոսում այն ​​մասին, որ Վաշինգտոնը շարունակում է հովանավորել ՍԱՀ-ի ռեսուրսների անօրինական շահագործումը, առաջին հերթին՝ հյուսիս-արևելքում նավթի և ցորենի: Սա ավելի քան բավարար է Սիրիայի՝ ամերիկյան անօրինական օկուպացումը դադարեցնելու պահանջի համար»։

Եֆիմովը ավելի քիչ է անդրադարձել Սիրիայում Թուրքիայի պահվածքին։ Սակայն նաև այս հարցում դեսպանը չի խուսափել ակնարկից, որ Մոսկվան անօրինական է համարում թուրքերի գործողությունները Սիրիայում, երբ բարձրացնում էր սիրիացի քրդերի ճակատագրի հարցը. «Մեր դիրքորոշումն այս հարցում հայտնի է. ՌԴ ելնում է այն փաստից, որ սիրիացի քրդերը Սիրիայի ժողովրդի անբաժանելի մասն են։ Ուստի մենք հետևողականորեն աջակցում ենք քրդական վարչակազմի և Դամասկոսի միջև երկխոսությանը, մասնավորապես՝ նրանց ընդհանուր հայրենիքի ապագա զարգացման հարցերի շուրջ։ Գաղտնիք չէ, որ մեր երկիրը տարբեր ուղիներով նպաստել է այս կողմերի միջև կապերի հաստատմանը և իրականացմանը, որոնք բարձր են գնահատում այս ոլորտում Ռուսաստանի միջնորդական ջանքերը։ Նրանց հետ շփումները շարունակվում են։ Հիշեցնեմ, որ, օրինակ, միայն 2021 թվականին Մոսկվայում երկու անգամ (սեպտեմբերին և նոյեմբերին) ընդունել են Ժողովրդավարական Սիրիայի խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ Իլհամ Ահմեդին։ Նրա հետ բանակցությունների օրակարգում էր նաև քրդերի և Դամասկոսի միջև երկխոսության հաստատմանն առնչվող հարցերի առարկայական քննարկումը։ Ի դեպ, այս ուղղությամբ ամեն ինչ շատ ավելի լավ կլինի, եթե երկրում անօրինական կերպով տեղակայված բոլոր օտար ուժերը լքեն Սիրիան, և Դամասկոսը կարողանա վերականգնել իր ինքնիշխանությունը ողջ ազգային տարածքում, այդ թվում, իհարկե, Անդր-Եփրատը»: Դեսպան Եֆիմովի հայտարարությունների վերլուծությունը հստակ ցույց է տալիս, որ Ռուսաստանը, հետևելով Իրանին և, իհարկե, Սիրիայի կառավարությանը, սկսել է ավելի խստորեն պահանջել, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրների զորքերը դուրս գան Սիրիայից, այսինքն՝ առաջին հերթին Միացյալ Նահանգների և Թուրքիայի զորքերը։

Բայց երբ խոսքը գնաց «Մեծ Իդլիբի» գոտու մասին, դեսպան Եֆիմովն արդեն մեղադրեց Անկարային որոշ պարտավորությունների (Ռուսաստանի նկատմամբ) խախտման մեջ, որոնք թուրքերը պարտավորվել էին կատարել 2016 թվականից. «Ցավոք, Իդլիբի անկլավը դեռևս մնում է անօրինական զինված խմբավորումների, այդ թվում՝ «Հայաթ Թահրիր աշ-Շամ»-ի [հղում. Ջաբհաթ ալ-Նուսրայի ժառանգորդները] և ՄԱԿ-ի ահաբեկչական ցուցակներում ընդգրկված այլ կազմակերպությունների հենակետը: Ավելին, մենք կրկին ու կրկին բախվում ենք հստակ ապացույցների, որ Սիրիայի այս հատվածը, որը մնում է իր օրինական իշխանությունների վերահսկողությունից դուրս, իրականում օգտագործվում է ահաբեկիչների, այդ թվում՝ օտարերկրյա ահաբեկիչների կողմից՝ որպես ապահով ապաստարան։ Օրինակ, բառացիորեն 2021 թվականի դեկտեմբերին, ինչպես հիշում եք, հենց Իդլիբի դեէսկալացիայի գոտում (ԻԴԳ) էր, որ ռուսական օդատիեզերական ուժերը ոչնչացրել են մեր երկրում արգելված «Ջունուդ աշ-Շամ» ահաբեկչական խմբավորման առաջնորդներից մեկի՝ Մարգոշվիլուն, որը հայտնի է որպես Մուսլիմ Աշ-Շիշանի։ Ժամանակին նա հասցրել է կռվել առաջին և երկրորդ չեչենական պատերազմներում, այսպես կոչված, Իչկերիայի կողմից, և նրա ձեռքերի վրա շատ արյուն կա։ Նաև ԻԴԳ-ում՝ Աթմա գյուղում, թաքնվում էր նաև ամերիկացիների կողմից փետրվարի սկզբին ոչնչացված ԻՊ-ի առաջնորդ Ալ-Կուրեյշին։ Խոսելով Իդլիբի հարցերում Անկարայի հետ մեր փոխգործակցության մասին՝ ուզում եմ հիշեցնել, որ 2020 թվականի մարտին Մոսկվայում ամենաբարձր մակարդակով ձեռք բերված ռուս-թուրքական պայմանավորվածությունները Իդլիբի վերաբերյալ թույլ տվեցին ամրապնդել ռուսական օդատիեզերական ուժերի աջակցությամբ Սիրիական բանակի կողմից անկլավի զգալի մասի ազատագրումը: Այլ  բան է, որ ձեռք բերված որոշ փոխըմբռնումներ, այդ թվում՝ Մ-4 մայրուղու վերաբերյալ, հակառակ կողմը ամբողջությամբ չի իրականացրել։ Թուրք գործընկերների հետ համապատասխան աշխատանքը շարունակվում է տարբեր մակարդակներում և տարբեր գերատեսչությունների միջոցով։ Միևնույն ժամանակ, ես կցանկանայի ուշադրություն հրավիրել այն փաստին, որ ոչ մի պայմանավորվածություն չի չեղարկում ահաբեկչության դեմ անզիջում պայքարը շարունակելու և ՍԱՀ-ի այս հատվածը Դամասկոսի ինքնիշխանությանը հնարավորինս շուտ վերադարձնելու անհրաժեշտությունը։ Իդլիբում թաքնված ահաբեկիչներին «սպիտակեցնելու» և այսպես կոչված «զինված ընդդիմություն» անվանելու ցանկացած փորձ նույնպես կտրականապես անընդունելի է»»։ Ահա, այս խոսքերն ուղղակի ապտակ են Թուրքիային և անձամբ Էրդողանին, քանի որ միայն Թուրքիան է Իդլիբից ահաբեկիչներին ներկայացնում որպես ենթադրյալ «սիրիական ընդդիմություն», և դա միայն այն պատճառով, որ Իդլիբի ահաբեկիչները 2016 թվականից կողմնորոշվել են դեպի Թուրքիան։

Ինչպես տեսնում ենք, Սիրիայում պատերազմի սրման հստակ միտում կա։ Սիրիան կարող է օգտագործել բոլոր օրինական միջոցները՝ երկրի տարածքում Իսրայելի հարվածներին պատասխանելու համար, ասվում է ՍԱՀ ԱԳՆ փետրվարի 10-ի հայտարարության մեջ. «Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարությունը խստորեն դատապարտում է փետրվարի 9-ի լուսաբացին սիրիական տարածքի դեմ Իսրայելի վախկոտ ագրեսիան»։ Սիրիայի ԱԳՆ-ը ընդգծել է, որ Իսրայելի հարվածները խախտում են միջազգային իրավունքի սկզբունքները և ՄԱԿ կանոնադրությունը. «Սիրիան ընդգծում է, որ այդ հարձակումները վնասակար ազդեցություն կունենան դրանք կատարողների և խրախուսողների վրա»։ Այն, որ Իրանը «թույլ է տվել» սիրիացիներին սպառնալ Իսրայելին, հասկանալի է, սակայն «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը ՌԴ դեսպան Եֆիմովի տված հարցազրույցից հետո մենք կարծում ենք, որ Սիրիան «թույլտվություն» է ստացել նաև Մոսկվայից։ Հատկանշական է, որ Իսրայելն անսպասելիորեն «բողոքել է» Ռուսաստանից։ Ռուսական բանակը Սիրիայում ակտիվացրել է էլեկտրոնային պաշտպանական համակարգերը, որոնք խանգարել են տարածաշրջանում GPS-ին՝ սիրիական թիրախներին Իսրայելի վերջին հարվածների ժամանակ, հայտնում են իսրայելական լրատվամիջոցները փետրվարի 9-ին: «Հակաօդային հրթիռի արձակումից հետո իսրայելական զինված ուժերը գրոհել են «երկիր-օդ» հրթիռային մարտկոցների և ռադարի վրա, որոնք ներգրավված են եղել Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռների գնդակոծման մեջ», – ասվում է ՑԱԽԱԼ-ի (Իսրայելի բանակի) հաղորդման մեջ Twitter-ում: Ըստ իսրայելական «Kan» հանրային հեռարձակողի, GPS-ի միջամտությունն առաջացել է սիրիական Լաթաքիայում գտնվող ռուսական «Խմեյմիմ» ավիաբազայից, ինչը դժվարացնում է Իսրայելի ռազմաօդային ուժերի գործողությունը Արևելյան Միջերկրական տարածաշրջանում: Արդեն երկար ժամանակ է, ինչ սիոնիստները «չեն բողոքել» Սիրիայի դաշնակիցներից։ Այսպիսով, աշխարհը պետք է ակնկալի ինչ-որ հանգուցալուծում այս տարածաշրջանի հակաահաբեկչական պատերազմում:

Սերգեյ Շաքարյանց