Քո պետությունը այնքան չսիրես, որ պանթուրքիզմի ճանապարհը համարես հայկական խաչմերուկ․ Էդուարդ Շարմազանով

«Հայտարարվում է, որ Հայաստանի ներկայացուցիչները Անթալիայում հանդիպելու են թուրքերի հետ. 2018-ին ես էլ որպես ԱԺ փոխնախագահ մեկնել եմ Անթալիա, մասնակցել են Եվրասիա մայրցամաքի խորհրդարանի ղեկավարների կոնֆերանսին և Թուրքիայի խորհրդարանի ղեկավարի ու Ադրբեջանի խորհրդարանի ղեկավարի ներկայությամբ հայտարարել եմ, որ Թուրքիան պետք է ճանաչի Ցեղասպանությունը և Արցախի ինքնորոշման իրավունքին, այսինքն Արցախի անկախությանն այլընտրանք չկա»,- «Հայաստան-Թուրքիա. հաշտեցում Բայրաքթարների տակ» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Հիմա, եթե էս «դդըփ-դըփ-հու»-ի ջատագովները գնան՝ ի՞նչ են խոսելու: Էդ ժամանակ թող մեր հասարակությունը համեմատի: Ինչ վերաբերում է ֆուտբոլային դիվանագիտության և այսօրվա նվաստացուցիչ իրականության միջև զուգահեռներին, դա ոչ միայն տգիտություն է, դա անբարոյականություն է:

Մենք Թուրքիային և Ադրբեջանին համարում ենք սպառնալիք, էս մարդիկ նրանց համարում են հաշտեցման գնացող պոտենցիալ լավ հարևան: Նաև հարցումներն են ցույց տալիս, որ հասարակությունը ևս այս երկրներին սպառնալիք է համարում: Այսինքն հայ հասարակության և կապիտուլյանտ իշխանությունների հայեցակարգերը տրամագծորեն տարբեր են:

Այսօր բայրաքթարներով հայ տղաներին սպանած թուրքերի հետ հաշտության գնալը սրբապղծություն է և անարգանք է Եռաբլուրի հանդեպ: Բոլոր նրանք, ուզում է նախկին լինի, ուզում է ներկա ու ապագա, որոնք այսօր նման իրավիճակում հայտարարում են, որ Թուրքիայի հետ պետք է գնալ հաշտեցման, նրանք պղծում են Եռաբլուրը»,-հայտարարեց Էդուարդ Շարմազանովը՝ հիշեցնելով, որ 2009-ին ֆուտբոլային դիվանագիության ժամանակ Հադրութը, Շուշին և մյուս տարածքները հայկական էին. «Ֆուտբոլային դիվանագիտությունն ուներ մի քանի նպատակ, նախ Թուրքիային դե յուրե դուրս թողնել Արցախյան հիմնահարցից, որը հաջողվեց: Այդ ժամանակ, եթե անգամ նախապայմաններ կային, դրանք մենք էինք դնում: Երբ Էրդողանը սկսեց Ցյուրիխյան արձանագրությունների պայմանավորվածություններից շեղվել, Հայաստանի իշխանությունն ասաց՝ Թուրքիան կվավերացնի, մենք կվավերացնենք: Բոլոր աշխարհաքաղաքական կենտրոնները սատարում են նախագահ Սարգսյանի այդ խոսքը: Հիմա ԱԳ նախարարը, վարչապետը ասում են՝ առանց նախապայմանների հայտարարություն է սա: Իրո՞ք, էլ նախապայմա՞ն եք թողել: Թուրքերն ու ադրբեջանցիները կերազեին 1 կամ երկու շրջան հետ ստանային, 7 շրջան տվել եք, Հադրութն ու Շուշին էլ նվեր եք տվել: Էլ ի՞նչ նախապայման: Հա, մի նախապայման էլ կա, էն օրը խորհրդարանում ասաց՝ սա հայկական խաչմերուկ է: Մարդ ինչքան պետք է դիմացինին ապուշի տեղ դնի, կամ անգրագետ, տգետ լինի, իր պետությունը չսիրի… նախկինների հերն էլ անիծած, չես սիրում, չես սիրում, բա դու քո պետությունը չսիրես, հայկական շահը չտեսնես, որ ասես՝ սա հայկական խաչմերո՞ւկ է: Ասում է այդ ճանապարհը մեզ համար մեծ նշանակություն ունի: Բա եթե այդքան մեծ նշանակություն ունի, ինչո՞ւ են թուրքերն ու ադրբեջանցիները 100 տարի «վիզ դնում», որ դա լինի, իսկ մեր որևէ իշխանություն չի համաձայնում: Երբ պանթուրքիզմի ճանապարհը համարում են հայկական խաչմերուկ, ես Հիտլերին հիշեցի, երբ նա իր առաջին տարիներին հայտարարում էր, որ իր շարժումը քրիստոնեական է»,-ասաց Շարմազանովը: