Պուտինն ասել է, որ հունվարին Ղազախստանը միջազգային ավազակախմբերի զոհ դարձավ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Ղազախստանի ղեկավար Քասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ բանակցություններում ասել է, որ անցած հունվարին հանրապետությունը բախվել է միջազգային ավազակախմբերի, որոնք փորձում էին ապակայունացնել իրավիճակը երկրում։ Ինչպես նշել է ՌԴ ղեկավարը, պետք էր շատ համատեղ ջանքեր գործադրել՝ իրավիճակը կարգավորելու համար, սակայն այսօր հանրապետությունը ամուր կանգնած է և զարգանում է։

«Սա մեր առաջին հանդիպումն է հունվարյան իրադարձություններից հետո, երբ Ղազախստանը զոհ գնաց միջազգային ավազակախմբերի, որոնք օգտվեցին երկրի ներսում ստեղծված ծանր իրավիճակից։ Ռուսաստանը, որպես ՀԱՊԿ երկրներից մեկը, համաձայն պայմանագրի 4-րդ հոդվածի, ձեռք մեկնեց Ղազախստանին։ Բայց գլխավոր դերը խաղացին հենց Ղազախստանի ղեկավարությունը, ուժային կառույցները և զինված ուժերը»,- ասել է Պուտինը։

Ռուսաստանի ղեկավարը նշել է Ռուսաստանի Դաշնության և Ղազախստանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացումը, ինչպես նաև երկրների միջև անընդհատ աճող ապրանքաշրջանառությունը։ Գրում է tvzvezda.ru-ն:

Հիշեցնենք, որ Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցերը սկսվել են 2022 թվականի առաջին օրերին։ Սկզբում երկրի արևմուտքում գտնվող Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները փողոց էին դուրս եկել գազի գնի կրկնապատկման դեմ։ Շուտով բողոքի ակցիաները տարածվեցին այլ քաղաքներում։ Ցույցերն ի վերջո վերաճեցին անկարգությունների. սկսվեցին թալան, հարձակումներ պետական ​​հաստատությունների վրա, մասնագիտացված խանութներից զենքի գողություն։ Ի պատասխան՝ տեղական իշխանությունները արտակարգ դրություն մտցրեցին ամբողջ երկրում և սկսեցին հակաահաբեկչական գործողություն։