Ադրբեջանի կողմից Կարմիր շուկայի ուղղությամբ կրակոցների պահին սենյակում գտնվող անչափահաս երեխաներն ու կինը չեն վնասվել. Դատախազություն

Արցախի Հանրապետության դատախազությունը հայտնում է, որ ոստիկանությունն արձանագրում է Կարմիր շուկա գյուղի ուղղությամբ կրակոցների հետքերը և ամրագրում ապացույցները։

«Սույն թվականի փետրվարի 11-ին ժամը 06:00-ի սահմաններում Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերից կրակոցներ են արձակվել բնակելի տների ուղղությամբ, որի հետևանքով գնդակներից մեկը խոցել է նշված գյուղի բնակչի տան պատուհանը և թափանցել հյուրասենյակ: Բարեբախտաբար դեպքի պահին սենյակում գտնվող՝ տանտիրոջ անչափահաս երեխաներն ու կինը չեն վնասվել:

Դեպքի մասին հաղորդվելուց հետո ԱՀ ոստիկանության ծառայողներն անմիջապես մեկնել են դեպքի վայր, տեղում իրականացվում են հանցագործության նյութական հետքերի հայտնաբերմանն ու ամրագրմանն ուղղված գործողություններ:

ԱՀ դատախազության կողմից դեպքի մասին անմիջապես հաղորդվել է ռուսական խաղաղապահ զորակազմում ընդգրկված դատախազին:

Դեպքի կապակցությամբ իրականացվող մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունն ու դատավարական ղեկավարումն իրականացվում է ԱՀ Մարտունու շրջանի դատախազության կողմից»,- հայտնում են դատախազությունից։