ՌԴ ԱԳՆ-ը Ուկրաինայում դիվանագիտական առաքելության ոչ հիմնական անձնակազմին խորհուրդ է տալիս որոշ ժամանակով լքել երկիրը

ՌԴ ԱԳՆ-ը Ուկրաինայում ՌԴ դիվանագիտական ​​առաքելության ոչ հիմնական անձնակազմին խորհուրդ է տալիս որոշ ժամանակով լքել երկիրը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Լավրովի խոսքով՝ Ռուսաստանը չի բացառում Ուկրաինայից դիվանագետների մասնակի տարհանում՝ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի համանման գործողությունների հետ կապված։

«Մենք ինքներս արդեն մտածել ենք, որ գուցե հենց անգլո-սաքսոններն են ինչ-որ բան նախապատրաստում, եթե տարհանում են իրենց աշխատակիցներին [Ուկրաինայից]։ Մենք նաև նայեցինք նրանց գործողությունները և, հավանաբար, ևս խորհուրդ կտանք մեր դիվանագիտական ​​հաստատությունների ոչ հիմնական անձնակազմին որոշ ժամանակով տուն վերադառնալ»,- ասել է Լավրովը, փոխանցում է ՌԲԿ-ը։

Արևմտյան երկրների դեսպանատան աշխատակիցների և նրանց ընտանիքների մասնակի տարհանումն Ուկրաինայից սկսվել է հունվարին՝ Ռուսաստանի դեմ ներխուժման նախապատրաստման մեղադրանքների ֆոնին: Հունվարի 24-ին ԱՄՆ Պետդեպարտամենտը դեսպանատան աշխատակիցների մի մասին թույլատրեց լքել Ուկրաինան։ Բացի այդ, ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում ձեռնպահ մնալ Ուկրաինա մեկնելուց։ Կանադան ևս որոշել է հետ կանչել դեսպանատան շարքային աշխատակիցներին, դիվանագետների ընտանիքների տարհանում են իրականացնում Ավստրալիան և Գերմանիան։ Չնայած մասնակի տարհանմանը, դեսպանատներն աշխատում են բնականոն ռեժիմով։