Օրենքի լրամշակված և երկրորդ ընթերցմամբ ընդունված տարբերակում տատը կամ պապը շահառու չեն հանդիսանում. պարզաբանում

Սույն թվականի փետրվարի 9-ին տեղի ունեցած Ազգային ժողովի նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած նախագիծը՝ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, երկրորդ ընթերցմամբ և միաձայն ընդունվեց։

Նիստը լուսաբանելիս մեր ԶԼՄ գործընկերներից մի քանիսը ընդունված տարբերակում ներկայացրել են նաև առաջին ընթերցմանը ներկայացված փոփոխություններից որոշները, որոնք երկրորդ ընթերցմանն արդեն հանված էին օրենքի նախագծից։

Շփոթմունք առաջացնող օրինակներից մեկը` «զինծառայողի զոհվելու (մահանալու) կամ անհետ կորած ճանաչվելու դեպքում, եթե բացակայում են զինծառայողի ծնողը, ամուսինը և զավակները, հատուցման շահառու կհանդիսանան քույրը, եղբայրը, տատը կամ պապը»: Լրամշակված և երկրորդ ընթերցմանը ներկայացված տարբերակում տատը կամ պապը չեն հանդիսանում շահառու։

Շփոթմունքներից խուսափելու համար առաջարկում ենք օգտվել Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակված նախագծի լրամշակված տարբերակից։

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ