Եթե նման միջադեպեր լինեն, մենք կմտածենք՝ ինչպես պատասխանել․ ԱԽՔ-ը Լուկաշենկոյի հայտարարության մասին

Մենք պարբերաբար գնահատում ենք մեր շուրջն ստեղծված անվտանգային միջավայրը և դրանց հետ կապված քայլեր ենք կատարում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ չեղավ պաշտոնական արձագանք Թուրքիա-Ադրբեջան՝ «մեկ ազգ, մեկ բանակ» կարգախոսի վերաբերյալ։

«Այդ քայելրի մի մասը կարող է լինել հրապարակային, մի մասը՝ ոչ հրապարակային, բայց ցանկացած գործընթաց, որ տեղի է ունենում տարածաշրջանում, մեր ուշադրության կենտրոնում է, և անհրաժեշտության դեպքում տարբեր ձևերով արձագանքում ենք ստեծված իրավիճակին»,-ասաց Գրիգորանը։

Անդրադառնալով ՀՀ-ի վերաբերյալ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը՝ Գրիգորյանն ասաց, թե ՀՀ-ն արձագանքել է, ՀՀ-ում Բելառուսի դեսպանը կանչվել է ԱԳՆ։ «Հուսով եմ՝ բելառուսական կողմը այլևս կխուսափի որևէ գնահատական տալ Հայաստանի վերաբերյալ, որովհետև այդ գնահատականները որևէ կերպ չեն բխում ՀՀ-ի և Բելառուսի միջև գոյություն ունեցող հարաբերություններից»,-ասաց ԱԽ քարտուղարը։

Դիտարկմանը, թե արդեն երկրորդ դեպքն է, որ Լուկաշենկոն ՀՀ-ի մասին խոսում է ոչ դիվանագիտական բառապաշարով և անգամ վիրավորական բառերով, Գրիգորյանն արձագանքեց․ «Իսկ մենք շարունակում ենք դիվանագիտորեն պատասխանել և հուսալ, որ այլևս նման միջադեպեր չեն լինի։ Եթե նման միջադեպեր լինեն, մենք կմտածենք՝ ինչպես պատասխանել»։

Հարցին՝ չկա՞ պահանջ, որ Լուկաշենկոն ներողություն խնդրի, որովհետև ՀՀ սուվերենությանն սպառնացող հայտարարություններ է արել, ԱԽՔ-ն ասաց, թե բոլոր քայլերը կատարվել են տվյալ հայտարարության հետ կապված։

Այն հարցին՝ ՀՀ օրակարգում կա՞ Միութենական պետությանը միանալու հարց, Գրիգորյանն արձագանքեց՝ ՀՀ օրակարգում նման հարց չկա։ «ՀՀ-ն սուվերեն, ժողովրդավար պետություն է և պետք է շարունակի մնալ այդպիսին»,-ասաց նա։

Անդրադառնալով ռուս խաղաղապահների՝ Արցախում 5 տարով տեղակայվելու հանգամանքին՝ Գրիգորյանն ասաց․ «Մեր ընկալումը շարունակում է նույնը մնալ՝ քանի դեռ ԼՂ հիմնախնդիրը չի լուծվել, այնտեղ պետք է խաղաղապահներ տեղակայված լինեն, որ կարողանանք երկարաժամկետ լուծում գտնել»,-ասաց նա։