Թուրքիայի հետ սահման բացելը շատ վտանգավոր է․ Թուրքիայի կապած ձեռքերը արձակում ենք․․․

Շատ է խոսվում Թուրքիայի և Հայաստանի սահմանների հնարավոր բացման տնտեսական ռիսկերի մասին։ Մտահոգություն է հայտնվում նաև , որ կարող են մեր երկիր լցվել թուրքերը և այլն։ Շատ կարևոր բան չգիտես ինչու դուրս է մնում բոլորիս ուշադրության կենտրոնից։

Սահմանի բացումն ինձ համար ռիսկային է այն առումով, որ ազատվում է Թուրքիայի կապած ձեռքերը, և այլևս Թուրքիան կարող է Հայաստանին հետագայում ևս մեղադրանք ներկայացնել , որ մեր երկրի տարածքով իր երկիր են ներթափանցում ահաբեկիչներ, իր երկիր են տանում անօրինական զենք զինամթերք և այլն։ Հիմա Թուրքիայի ձեռքերն ու բերանը փակ են, չի կարող ոչինչ ասել, քանի որ սահմանը փակ է։ Չնայած 2016թ․-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո փորձ եղավ Հայաստանին ներքաշել այդ պատմության մեջ՝ մեղադրելով Հայաստանին, որ իր տարածք է թողել փախած դատավորներին, բայց դե թուրք-հայկական սահմանը հսկող ռուս սահմանապահներից ստացան կանխարգելիչ պատասխան։

Թուրքիան փորձառու է ահաբեկիչների թեման շահարկելու համար, նա ահաբեկիչների թեման շահարկեց և մտավ Սիրիա, Իրաք, ահաբեկիչների թեման միշտ շահարկում է Իրանի հետ հարաբերություններում, փախստականների թեման էլ Հունաստանի գլխին է պատուհաս դարձրել։ Մի խոսքով, Թուրքիայի հետ սահման բացելը մի դիտարկեք զուտ այն տեսանկյունից, թե կոտորված ազգ ենք, ատում ենք, դրա համար ենք այդպես ասում։ Սա շատ վտանգավոր է, Թուրքիայի կապած ձեռքերը արձակում ենք․․․

 

Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից