Ես ձեզ թույլ չեմ տա անտեսել Ադրբեջանում կատարվողը. ԵԽ պատգամավորը պահանջում է վերանայել Ադրբեջանի հետ երկխոսությունը

Եվրախորհրդարանի պատգամավոր Իզաբել Սանտոնը մեղադրել է ադրբեջանական ռեժիմին կոռուպցիայի, եվրոպացի քաղաքական գործիչներին կաշառք տալու և բռնաճնշումների մեջ։

Ըստ Սանտոնի, Ալիևների ընտանիքը կառավարում է Ադրբեջանը անկախությունից ի վեր՝ մենիշխանության, կոռուպցիայի, նեպոտիզմի և ավազակապետության խառնուրդի պայմաններում:

«Երկար տարիներ նա (Ալիևների ընտանիքը) կոռուպցիոն ցանց էր հյուսել միջազգային կազմակերպությունների հետ, որը հայտնի դարձավ որպես խավիարային դիվանագիտություն։ Այսպիսով, Ալիևների ընտանիքն ու նրանց կամակատարները գնում են համընդհանուր լռություն և մոռացություն։ Ամենաաղմկոտ սկանդալը տեղի ունեցավ Եվրոպայի խորհրդում, մի կառույցում, որը պետք է հետևի ժողովրդավարության արժեքներին, օրենքի գերակայությանը և մարդու իրավունքների պաշտպանությանը»,- գրել է Սանտոնը ֆեյսբուքյան իր էջում։

Նա ընդգծել է, որ վերջին ամիսներին Բաքու են այցելել երկու եվրահանձնակատարներ և հավելել է, որ ժամանակն է վերանայել Բաքվի հետ երկխոսությունը շարունակելու նպատակահարմարությունը այն ժամանակ, երբ երկրի ներսում և դրսում ակտիվանում են ճնշումները ընդդիմախոսների, լրագրողների և ակտիվիստների նկատմամբ։

«Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանությունն այն մարտերից է, որը ես երկար տարիներ մղում եմ։ Ես գիտեմ գործողություններ, անուններ, կատարված հանցագործություններ և բազմաթիվ զոհեր։ Ես ձեզ թույլ չեմ տա անտեսել այն, ինչ կատարվում է Ադրբեջանում և կապերն այլ ինքնավարությունների հետ»,- իր գործընկերներին ասել է Եվրախորհրդարանի պատգամավորը։