Ռուսաստանի դեսպանատունը ողջունում է անվտանգության երաշխիքները քննարկելու ԱՄՆ պատրաստակամությունը

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարել է, որ ողջունում է անվտանգության սկզբունքը քննարկելու Վաշինգտոնի ցանկությունը, սակայն ամերիկացի գործընկերները հայեցակարգը մեկնաբանում են միակողմանիորեն:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը ողջունում է Ռուսաստանի հետ զորավարժությունների թափանցիկության բարձրացման միջոցառումների վերաբերյալ քննարկումները և տեսնում է դրանց հետ կապված ռիսկերը նվազեցնելու հնարավորություններ։ Գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք ողջունում ենք այն փաստը, որ մեր ամերիկացի գործընկերները վերջապես «հասունացել են» անվտանգության սկզբունքը քննարկելու մակարդակին, որն առանցքային է եվրոպական տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման համար: Այնուամենայնիվ, Միացյալ Նահանգները շարունակում է մեկնաբանել այս հայեցակարգը միակողմանիորեն»,- «Ֆեյսբուքում» հայտարարել է ՌԴ դեսպանատանը։

Ըստ հայտարարության՝ ԱՄՆ-ը կենտրոնանում է երկրների՝ ազատորեն ռազմական դաշինքներ ընտրելու իրավունքի վրա, սակայն անտեսում է ուղեկցող պարտավորությունը՝ չբարձրացնել իրենց անվտանգությունը այլ պետությունների անվտանգության հաշվին։

«Նրանք երկերեսանիորեն խոսում են ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնման իրավունքի մասին՝ հերքելով այն փաստը, որ դաշինքի ռազմական ենթակառուցվածքի մոտեցումը ռուսական սահմաններին ծայրահեղ վտանգավոր է մեզ համար»,- ասվում է հայտարարության մեջ։