Զգուշավոր լավատեսություն կա, որ պատերազմի մի ամբողջ դարաշրջան ավարտվում է․ Զաս (տեսանյութ)

Այսօր՝ փետրվարի 9-ին, «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի շրջանակում «Հավաքական անվտանգությունը նոր դարաշրջան. ՀԱՊԿ-ի փորձն ու հեռանկարները» համաժողովում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը մատնանշել է «որոշ զգուշավոր լավատեսությունը» հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում։
Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, որը դադարեցրել է պատերազմը Լեռնային Ղարաբաղում և նշանավորել Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության սկիզբը տարածաշրջանում, իրավիճակը կայունացել է, արյունահեղությունը՝ դադարել, ընդգծել է Ստանիսլավ Զասը:

«Լարվածության օջախներ, իհարկե, կան, դրանք հայ-ադրբեջանական սահմանին են։ Ես եղել եմ այնտեղ, իմ աչքով եմ տեսել՝ ինչ է կատարվում այնտեղ։ Բայց, ըստ էության, սահման, որպես այդպիսին, չկա, կա շփման գիծ, հենակետեր, դիտակետեր։ Ժամանակ առ ժամանակ կրակոցներ են լինում։ Այսպես չպետք է լինի»,- շեշտել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

Կողմերի առջև այժմ լուրջ խնդիր է դրված սկսել սահմանազատման և հետագայում սահմանագծման գործընթացը, սա մեծ ու բարդ աշխատանք է, որը, այնուամենայնիվ, զգալիորեն կամրապնդի տարածաշրջանի անվտանգությունը, վստահություն է հայտնել նա։

«Զգուշավոր լավատեսություն կա, որ պատերազմի մի ամբողջ դարաշրջան ավարտվում է, և սկսվում է մեկ այլ դարաշրջան: Ես կարող եմ սխալվել նման լավատեսության առումով, բայց ամեն դեպքում, մենք պետք է ողջունենք այն քայլերը, որոնք այժմ արվում են խաղաղության հաստատման համար»,- ասել է Զասը։

Մանրամասները՝ տեսանյութում