Ֆրանսիան, Գերմանիան և Լեհաստանը կոչ են արել Ռուսաստանին երկխոսել Եվրոպայի անվտանգության վերաբերյալ

Ֆրանսիան, Գերմանիան և Լեհաստանը՝ Վայմարի եռանկյունու երկրները, հայտարարություն են տարածել՝ կոչ անելով Ռուսաստանին երկխոսություն սկսել եվրոպական մայրցամաքի անվտանգության հարցերի շուրջ։ Գրում է interfax.ru-ն:

Բեռլինում բանակցություններին հաջորդած համատեղ փաստաթղթում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան կոչ են արել Ռուսաստանին «նպաստել Ուկրաինայի սահմանին իրավիճակի դեէսկալացմանը և սկսել բովանդակալից երկխոսություն եվրոպական մայրցամաքի անվտանգության վերաբերյալ»։

Փաստաթղթում նշվում է. «Վայմարի եռանկյունու պետությունների և կառավարությունների ղեկավարներն ընդգծել են իրենց պարտավորությունը համատեղ ջանքերին՝ ամրապնդելու եվրոպական և անդրատլանտյան անվտանգության ճարտարապետությանը»:

Կողմերը ևս մեկ անգամ հայտարարեցին Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը աջակցելու և իրավիճակի սրման դեպքում Ռուսաստանի համար «հետևանքների» մասին, պաշտպանեցին նորմանդական ձևաչափի դերը Մինսկի պայմանավորվածությունների իրականացման գործում։ Երեք առաջնորդները նշել են, որ ՆԱՏՕ-ն պետք է «մշտապես վերանայի իր պաշտպանական և զսպման ռազմավարությունը»՝ հաշվի առնելով իրական իրավիճակի փոփոխությունները և դաշինքի «առաջին թևում ուժեղացված ներկայության» ծրագրի շրջանակներում։