Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունն եմ հրավիրում Ադրբեջանի ահաբեկչական գործողությունների վրա․ Թագուհի Թովմասյան

ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների և Հանրային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը գրել է․

Ադրբեջանը շարունակում է իր ահաբեկչական գործողությունները խաղաղ բնակիչների նկատմամբ։ Արցախի Հանրապետության դատախազությունը տեղեկացնում է, որ ադրբեջանական մարտական դիրքից կրակել են քարամշակման կետում աշխատող բանվորների վրա։

2022թ. փետրվարի 5-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Ասկերան քաղաքի մերձակայքում գտնվող «Օղտեն մաշկ» կոչվող տեղամասում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքից խոշոր տրամաչափի գնդացրով մի քանի կրակահերթ է արձակվել Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի վարչական տարածքում գործող «Ապագա սերունդների հիմնադրամ» ՍՊ ընկերության քարամշակման կետի բանվորներ Գ.Բ.-ի, Ա.Թ.-ի և Ա.Հ.-ի ուղղությամբ, ովքեր տվյալ պահին տրակտորի վերանորոգման աշխատանքներ էին կատարում:

Արձակված կրակոցներից պաշտպանվելու նպատակով՝ մինչև ոստիկանության աշխատակիցների ժամանելը վերջիններս շուրջ երկու ժամ ստիպված թաքնված են մնացել՝ այդ ընթացքում զանգելով և դեպքի մասին իրազեկելով իրենց տնօրինությանը:

Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով ԱՀ ոստիկանության կողմից ձեռնարկվում են քրեադատավարական միջոցառումներ:

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունն եմ հրավիրում Ադրբեջանի ահաբեկչական գործողությունների վրա, որոնք 44-օրյա պատերազմից հետո պարբերական բնույթ են կրում։ Ադրբեջանի նման քաղաքականությունը խստագույնս պետք է դատապարտվի և արժանանա համապատասխան գնահատականի։