Կբացենք, երբ կնիքը և աշխատասենյակի բանալին տրվի Ահարոն Խաչատրյանին․ Մարտունի-Վարդենիս ճանապարհը դեռ փակ է

Մարտունի-Վարդենիս ճանապարհը դեռ փակ է։ Բողոքի ակցիան շարունակում է, մեծ թվով մեքենաներ կանգնած են։ Վարորդները, ոստիկանները փորձեցին բանակցել ճանապարհը փակողների հետ, սակայն նրանք ընդգծեցին, որ կբացեն, երբ կնիքը և աշխատասենյակի բանալին տրվի Ահարոն Խաչատրյանին։

«Էլ ինչի՞ մենք գնացին ընտրության, իրենք թող նշանակեին, գար աշխատեր: Ես իմ 80 տարեկան մորը կալյասկով տարել եմ ընտրության, ինչի՞ համար: Էսօր մեր ընտրած քաղաքապետը անցել ա, պեչատը չեն տալիս իրան: Դե թող  վերեւից նշանակեին, պրծնեինք: Բռնատիրական երկրում ենք ապրո՞ւմ»,-ասաց բնակիչներից մեկը:

«Ինչքան պատգամավոր, որ ընտրվել է Գեղարքունիքի մարզում ստացած ձայներով, թող բոլորն էլ գան, բոլոր երեք խմբակցություններից: Թող բոլորն էլ գան, կանգնեն ժողովրդի կողքը: Ինչի՞ չեն գալիս, թող մեկը գա, տեսնի էս ժողովրդի ցավն ինչ է: Անտեր վիճակ է համայնքներում: Մի հատ քաղաքապետ լինի, աչքերը հանենք, տեսնենք ինչ է էս երկրի վերջը: Ոստիկանապետին բերում են ժողովրդի դեմ: Էս մարդուն ամեն անգամ բերում են մեր դեմ: Դրա փոխարեն թող մի պատգամավոր գա ձևի համար: Թող գա, արագի մեջ ավագանու նիստ կազմակերպեն, երաշխավորեն, որ խախանդ է լինելու, դեկտեմբերի 30-ի նման չի լինելու»,-նշեց մեկ ուրիշ բնակիչ:

Դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում այս համայնքում «Քաղաքացիական պայմանագիր»-ը ստացել էր 13 մանդատ, «Ահարոն Խաչատրյան» դաշինքը՝ 10, «Միասնական Վարդենիս»-ը՝ 4 մանդատ։ Ընդդիմադիր ուժերն ընտրություններից հետո կոալիցիա կազմելու հուշագիր էին ստորագրել, և մանդատների քանակն արդեն բավարարում էր համայնքապետ ընտրելու համար։